ՀՊՄՀ Բանասիրական ֆակուլտետի Ա. Ղարիբյանի անվան հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի նախաձեռնությամբ մեկնարկեց «Սուրբ Մեսրոպ Մաշտոցը և հայ դպրոցը» խորագրով հայերենագիտական միջազգային երկօրյա գիտաժողով:
Բուհի հիմնադրման 100 և Սուրբ Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1660-ամյակին նվիրված գիտաժողովն անցկացվեց խառը ձևաչափով. մասնակցում էին ինչպես Հայաստանի և Արցախի գիտակրթական կառույցների, այնպես էլ ԱՄՆ-ի, Գերմանիայի, ԵՀՊ-ի հրավիրյալ գիտնականներ, լեզվաբաններ, ոլորտի առաջատար մասնագետներ,ասպիրանտներ, մագիստրոսներ:
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա. Ղարիբյանի անվան հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Վազգեն Համբարձումյանը ողջունեց գիտաժողովի մասնակիցներին:
Պրոֆեսորը նկատեց՝ համալսարանի բոլոր ֆակուլտետներին սպասարկող ամբիոնը վերջին հինգ տարիների ընթացքում կազմակերպել է միջազգային լայնամասշտաբ 6 գիտաժողով:
«Այսօր, առավել քան երբևէ, մեզ պետք է ուժեղ դպրոց, կայուն արժեհամակարգ ունեցող հասարակություն և կայացած կրթական համակարգ»,- բուհի ղեկավարության անունից ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` նշեց ՀՊՄՀ-ի Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը: Վերջինս ընդգծեց գիտաժողովի յուրահատուկ խորհուրդը և կարևորեց հայ դպրոցի կայացման, զարգացման գործում հայոց գրերի, հայերենի առաջին ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցի դերն ու նշանակությունը:
Բանասիրական ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր Աշոտ Գալստյանը ընդգծեց գիտաժողովի միջազգային աշխարհագրությունը՝ փաստելով՝ 44 զեկուցողների շրջանում կան նաև մագիստրոսներ, որոնց համար մաշտոցյան գրերին և հայ դպրոցին նվիրված գիտաժողովը գիտական հետագա պրպտումների ընդլայնման համար լավագույն հարթակն է:
Լիագումար նիստում զեկույցներով հանդես եկան պրոֆեսորներ Վազգեն Համբարձումյանը, Աելիտա Դոլուխանյանը և ԵՀՊ դիվանապետ (Իսրայել) Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:
«Հայերենի պայթական ձայնեղների հնչաբանական արժեքը մեսրոպյան գրանշանների համակարգում» զեկույցում ՀՀ ԳԱԱ (ԼԻ), պրոֆեսոր Վազգեն Համբարձումյանը դիտարկեց մաշտոցյան այբուբենում բ-գ-դ-ի լիարժեք ձայնեղ լինելը՝ մեջբերելով հարցի վերաբերյալ ականավոր լեզվաբանների տեսակետներ՝ դեռևս 19-րդ դարից սկսած. «Սուրբ Մեսրոպ Մաշտոցը շրջագայել է հայկական մի շարք բնակավայրերում և պարզել, որ հայ մարդու արտասանական ապարատում ձայնեղների արտասանությունը ոչ միշտ է նույնը: Հայերենի պայթական բաղաձայնների վերանայման մասին 1904 թվականին խոսել է նաև դանիացի կարկառուն լեզվաբաններից մեկը՝ առաջարկելով վերանայել: Գիտնականը համոզված էր՝ դա կլինի հեղաշրջում և կնպաստի համաշխարհային լեզվաբանության մեջ հնդեվրոպական լեզուների ուսումնասիրմանը»:
Պրոֆեսորը ներկայացրեց տեսության վերբերյալ համաշխարհային ականավոր այլ լեզվաբանների կարծիքներ ևս՝ ընդգծելով՝ հնդեվրոպական լեզուներից քչերն ունեն նման հատկություն. հայերենը լուսանցքային լեզվից պետք է վերածվի առաջնայինի՝ նպաստելով հնդեվրոպական նախալեզվի պայթական բաղաձայնական համակարգի վերնայմանը:
Ամփոփելով ելույթը՝ պրոֆեսորը հավելեց, որ այդ գաղափարի կրողն է եղել նաև Մանկավարժականի հիմնասյուներից անվանի լեզվաբան Արարատ Ղարիբյանը:
Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը, ընդգծելով գիտաժողովի կարևորությունը, նշեց՝ Մանկավարժականը ռազմավարական նշանակությունի ունի երկրի կյանքում:
Պրոֆեսորը նկատում է՝ Մաշտոցին նվիրված գիտաժողովը յուրատեսակ խորհուրդ ունի. hայոց գրեր ստեղծող վարդապետն ու Մեծ Լուսավորիչ Խաչատուր Աբովյանը բուհի ուղեցույցն են:
«Մորուս Հասրաթյանը մաշտոցյան գրերի մասին» զեկույցում ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Դոլուխանյանն անդրադարձավ մաշտոցյան գրերի վերաբերյալ պատմաբանի նորարարական տեսություններին:
Աելիտա Դոլուխանյանն իր զեկույցում ներկայացրեց Մեսրոպ Մաշտոցի ծագման, կրթության, հոգևորական դառնալու վերաբերյալ Մորուս Հասրաթյանի տեսությունը՝ ընդգծելով՝ ականավոր պատմաբանը մաշտոցյան գրերի ստեղծումը համարում է 395 թվականը.«Մեսրոպ Մաշտոցն ունեցել է միջազգային հեղինակություն.այլ կերպ հնարավոր չէ բացատրել նրա միջնորդությամբ Հայաստանի բյուզանդական մասում հայկական դպրոցների հիմնումը, աղվանական, վրացական այբուբենների ստեղծումը, մի շարք լեզուներով Աստվածաշնչի թարգմանությունը: Մաշտոցն իր պետականամետ գաղափարը շարունակեց նաև հոգևորական լինելու շրջանում»,-հավելեց պրոֆեսորը:
Բանախոսն իր ելույթում անդրադարձավ նաև հայ և եթովպական գրերի նմանությանը՝ պատահական չհամարելով, որ երկուսի ստեղծումն էլ եղել է Աստծո նախախնամությամբ:
Լիագումար նիստում ամփոփիչ ելույթով հանդես եկավ ԵՀՊ դիվանապետ (Իսրայել) Կորյուն վարդապետ Բաղդասարյանը՝ ներկայացնելով «Հայ դպրոցի պատմությունը Սուրբ երկրում»: Վերջինս անդրադարձավ 19-րդ դարում Երուսաղեմում հիմնադրված հայ դպրոցներին՝ նկատելով, որ հայկական դպրոցներ գործել են դեռևս 7-րդ դարում, սակայն դրանց ճակատագրերն անհայտ են:
Կորյուն վարդապետը խոսեց տարբեր շրջաններում Երուսաղեմում գործող ճեմարանների մասին, ներկայացրեց դրանց պատմությունը, գործունեությունը, դասավանդվող առարկաները և այլն:
Գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին մասնաճյուղերում.հայ լեզվաբաններին հեռավար ձևաչափով միացան ԱՄՆ-ի, Գերմանիայի գործընկերները. զեկուցողները ներկայացրրին «Մեսրոպ Մաշտոց» անավարտ վեպի լեզվական հիմքերը, Սփյուռքի անգլախոս հայ աշակերտների շրջանում հայոց այբուբենի ուսուցման խնդիրները, Կորյունի «Վարք Մաշտոցի» երկի հարադրավոր բայերի ձևաբանական առանձնահատկությունները, քարթվելական լեզուների վրա հայերենի լեզվամշակութային ազդեցությունը:
Զեկույցներ եղան նաև հայկական առածներում և ասացվածքներում բառային գործածության սեռային առանձնահատկությունների, մի շարք հեղինակների աշխատություններում Մաշտոցի կերպարի վերլուծության վերաբերյալ և այլն:
Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն վաղը. աշխատանքներն ամփոփելուց հետո մասնակիցները կուղևորվեն Օշական՝ հարգանքի տուրք մատուցելու Սուրբ Մեսրոպ Մաշտոցի հիշատակին: