ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայկական պատմամշակության ժառանգությունը համամարդկային արժեք է
18.04.2017
Հայկական պատմամշակության ժառանգությունը համամարդկային արժեք է

Ապրիլի 18-ին աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը:

Մանկավարժական համալսարանի թանգարանի, Կուլտուրայի, Պատմության և իրավագիտության ֆակուլտետների, ՀՀ մշակույթի նախարարության Պատմամշակության արգելոց-թագարանների և պատմական միջավայրի պահպանություն ծառայության համագործակցությամբ արդեն մի քանի տարի կազմակերպվում են տարբեր ձեռնարկներ:

«Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ. 25.000 պատմամշակութային հուշարձան գրանցված է պետական ցուցակում և պահպանվում է պետության կողմից»,-նշեց Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը:

Թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանը ներկաներին հորդորեց կարևորել հուշարձանները՝ նկատելով, որ Հայաստանում դրանց կարելի է հանդիպել ամենուր:

Պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանն իր խոսքում ընդգծեց, որ ավելի քան 45 հնագիտական վայր որպես «համընդգրկուն բացառիկ արժեք» այսօր գրանցված է Համաշխարհային ժառանգության ցուցակում, ապա հպարտությամբ հավելեց՝ մեր պատմամշակության ժառանգությունը ոչ միայն հայի ինքնության մասն է, այլև համամարդկային արժեք:

Վերջինս ցավով նկատեց, որ պատերազմական իրավիճակներում հաճախ վնասվում են նաև պատմամշակութային արժեք ունեցող կոթողները, ինչը նաև վնաս է համաշխարհային մշակույթին:

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակներում Մանկավարժական համալսարանի թանգարանում ներկայացվեց լուսապատկերների շարք, որտեղ ընդգրկված էին Հայաստանի և աշխարհի կարևոր մշակութային հուշարձանները, մասնավորապես՝ անձեռակերտ աշխատանքները:

Բուհ-դպրոց համագործակցության շնորհիվ համալսարանում էին հյուրընկալվել №106 դպրոցի աշակերտները, որոնք ներկայացրին պատմամշակութային հուշարձանների մասին փոքրիկ պատկերաշար, ապա ներկաները դիտեցին Գլաձոր համալսարանի մասին պատմող ֆիլմ: