ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայկուշ Հարությունյան
31.01.2017

Իմ բոլոր ծանոթներն այդ շրջանի մասին խոսելիս առաջինը նշում են. «Բայց հիշում ես, որ հայրիկդ չէր թողնում»...

Սկզբնական կրթության ֆակուլտետ, ուսանող

Մասնակցել եմ Erasmus+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում Հայկական պետական մանկավարժական և Ֆինլանդիայի Օուլու համլսարանների համգործակցությամբ կազմակերպված ուսանողների փոխանակման մրցույթին։ Մրցույթի մասին իմացել եմ համակուրսեցիներիցս, ապա առավել մանրամասն տեղեկություններ ստացել եմ մեր ֆակուլտետի դեկանից և Միջազգային բաժնի անձնակազմից։

Մրցույթն անցկացվել է երկու փուլով. նախ ներկայացրել եմ մոտիվացիոն նամակ և ապա մասնակցել Ֆինլանդիայի ներկայացուցչի վարած հարցազրույցին (Skype տեսազանգով), արդյունքում հնարավորություն եմ ստացել 3-րդ կուրսի 2-րդ կիսամյակը անցկացնել Ֆինլանդիայի Օուլու համալսարանում:

Սովորաբար թվում է, թե ամենադժվարը մրցութային փուլն է, և այն հաղթահարելուց հետո ամեն ինչ սահուն է անցնելու: Իրականում հետոն ավելի դժվար է: Բայց հիմա եմ հասկանում, որ դժվարություներն էլ կարող են հաճելի լինել, ու արդեն կարոտում եմ այդ դժվար, ավելի ճիշտ կլինի ասել` ծանրաբեռնված օրերը:

Իմ բոլոր ծանոթները այդ շրջանի մասին խոսելիս առաջինը նշում են. «Բայց հիշում ես, որ հայրիկդ չէր թողնում»:

Իհարկե հիշում եմ…

Մրցույթից մեկ օր առաջ խոսեցի հայրիկիս հետ, ասեցի, որ մյուս օրը առավոտյան հարցազրույցի եմ, ու եթե անցնեմ այդ փուլը, գնալու եմ Ֆինլանդիա: Երկուսս էլ սկսեցինք ծիծաղել: Այնպես չէր, որ հայրիկս իմ ուժերին չէր հավատում, պարզապես երկուսիս համար էլ մի տեսակ անիրական էր թվում:

Իսկ ի՞նչ եղավ հաջորդ օրը: Մրցութից մոտ մեկ ժամ անց ինձ հայտնեցին որ անցել եմ:

Տեսել եմ, թե ուրիշները ինչպես են ուրախանում նման դեպքերում, պարզվեց` ես այդ ուրախանալու «ձևն» էլ չգիտեի , առանց ինչ-որ «ուռաների» ընդունեցի լուրը , բայց իրականում իրոք «սարսափելի» ուրախ էի: Դա տևեց մոտ տաս րոպե, հետո պետք էր լոււրը ծնողներիս հայտնել: Զանգեցի հայրիկիս: Նրա առաջին նախադասությունը հետևյալն էր. «Ինչի չէիր ասել, որ նման մրցույթի ես մասնակցելու» (Վերևում կարդացիք, որ նախորդ օրը խոսել էինք մրցույթի մասին ): Իսկ վերջին նախադասությունը եղավ. «Կգաս տուն կորոշենք» (դա էլ նշանակում էր` չես գնալու):

Որ ասում էի մրցույթից հետո ավելի դժվար է, նաև սա նկատի ունեի:

Ու սկսվեց: Երեևի հայրիկս այդքան զանգ մեկ օրում, մեկ շաբաթում չէր ստացել. համալսարանում ում տեսնում էի, խնդրում էի, որ հայրիկիս հետ խոսի 
Իհարկե արդեն գնացել ու վերադարձել եմ: Պարզ է, որ կարողացանք նրան համոզել: Կյանքս պատմեցի , բայց ինչ անեմ այդ մի շաբաթը այն հինգ ամիսներից էլ երկար էր թվում:

Նման հնարավորություն նախկինում երբեք չէի ստացել ու նույնիսկ մի պահ չգիտեի, թե ինչ ակնկալել: Ուզում էի ծանոթանալ մանկավարժական համաշխարհային փորձին, ուսուցման նոր մեթոդներ ու տեխնոլոգիաներ սովորել, զարգացնել անգլերեն խոսելու կարողությունս, նոր ընկերներ ձեռք բերել և այլն, և այլն… Ուզու՞մ եք ավելի անկեղծ լինեմ, մի կողմ դնեմ այդ սիրուն-սիրուն բառերը: Լավ. օտար երկիր էի գնում, աշխարհ էի տեսնելու, լավագույն համալսարաններից մեկում էի սովորելու, ավելի շատ այս ամենի մասին էի մտածում, քան ինչ-որ նոր մանկավարժական մեթոդների ու տեխնոլոգիաների : Ու թող ոչ ոք չասի, որ ուրիշն այլ կերպ կմտածեր:

Եվ վերջապես եկավ մեկնելու օրը: Արդեն հասցրել էի վարդագույն ակնոցներով պատկերացնել այդ հինգ ամիսները: Իսկ իրականում ինչպիսի՞ն էին դրանք:

Բացի այն, որ ես հարմարվեցի իրենց կլիմային և սննդին, ես սովորեցի ֆիներեն: Ինչ վերաբերում է անգլերենին, ուղիղ մեկ շաբաթ, կամ ավել ես գլխացավով տուն էի վերադառնում, առանց որևէ բառ հիշելու: Ինչքան էլ մտածում ես, որ տիրապետում ես լեզվին, մեկ է մինչև չես օգտագործում, չես պատկերացնում` ինչ գիտես և ինչ չգիտես: Բայց դա երկար չտեվեց, երբ որ հաղթահարեցի խոսելու վախը, ամեն ինչ փոխվեց: Եվ այդ հինգ ամիսներում ավելի շատ սովորեցի խոսել ու հասկանալ անգլերեն, քան նախորդ 12-13 տարիներին:

Ասեցի, որ սկզբում այդքան էլ չէի մտածում ինչ-որ նոր մեթոդներ տեխնոլոգիաներ սովորելու մասին: Բայց հայտնվելով այդ համալսարանում` առանց ստիպելու ուզում էի անընդհատ սովորել: Առաջին անգամ հասկացա, թե ինչ է նշանակում «դպրոցը (իմ դեպքում համալսարանը) ձեր երկրորդ տունն է» արտահայտությունն: Այնտեղ առավոտյան արթնանում էի դասի գնալու համար, համալսարանից չէի ուզում տուն վերադառնալ:

Վերջում պարզապես նշեմ արդյունքը: Այդ շրջանի շնորհիվ սկսեցի սովորել ոչ թե քննությունների, այլ կյանքի համար: Զարգացավ անգլերենի իմացությունս, ու կրկին համոզվեցի, որ լեզուն ապրում է միայն այն դեփքում, երբ որ օգտագործվում է։ Ձեռք բերեցի ընկերների մի հսկա բանակ, որն էլ հնարավորություն տվեց ծանոթանալ տարբեր մշակույթների, սովորույթների ու արժեքների։ Աշխարհ տեսա, որն ինձ համար մի տեսակ հեռվում գտնվող երազանք էր։ Ու այս ամենի կողքին ամնակարևորը՝ դարձա իսկապես ինքնուրույն ու համարձակ, ոչ թե միայն ուսումնական գործընթացում, այլ առհասարակ կյանքում և հենց ծնողներիս` վերևում նշածս, անհանգստությունն էր, որ ստիպեց ինձ լինել առավել պատասխանատու ինքս իմ անձի նկատմամբ։ Այդ հինգ ամիսները ինձ տվեցին կյանքի մի փոքր, բայց շատ կարևոր շրջան, որն այսօր վերածվել է թանկարժեք հիշողության։ Ու իրականում, ոչ թե մրցույթն էր դժվար, ոչ թե հայրիկին համոզելն էր դժվար կամ օտար մշակույթին հարմարվելը, այլ` «հիման»: Արդեն մեկ տարի է անցել, իսկ ես դեռ ապրում եմ այնտեղի հուշերով: Որ ասում էին` կկարոտես մեր Ֆինլանդիան, չէի հավատում: Դժվարը այդ կարոտը հաղթահարելն է… Արդեն սկսում եմ հուզվել, վերջ…