ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Հայոց հոգևոր հուշարձանները»․ ցուցահանդես Մանկավարժականում
12.10.2023
«Հայոց հոգևոր հուշարձանները»․ ցուցահանդես Մանկավարժականում

Մանկավարժական համալսարանում բացվեց «Հայոց հոգևոր հուշարձաները» խորագրով ցուցահանդեսը։ Ցուցադրությանը ներկայացված էր Գեղարվեստական կրթության ֆակուլտետի 11 արվեստագետ-մանկավարժի 20 ստեղծագործություն։

ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը բացման խոսքում ընդգծեց, որ նման մշակութային ձեռնարկները հնարավորություն են ծանոթանալու ինչպես բուհի ձեռքբերումներին, այնպես էլ պրոֆեսորադասախոսական կազմի ստեղծագործական կարողությունների շնորհիվ բացահայտելու արժեբանական, ուսուցողական կոնկրետ պատմություն և բովանդակություն։

Նա պատահական չհամարեց նաև այն, որ Մանկավարժական համալսարանի ճեմասրահը զարդարված է հայոց վանական համալիրները ներկայացնող պաստառներով, որոնք, ըստ նրա, ոչ միայն հոգևոր արժեբանության, այլև կրթության կարևոր բաղադրիչ են։

Պրոֆեսոր Գևորգյանը հիշեցնում է՝ վանական համալիրները դեռևս միջնադարում եղել են կրթամշակութային կարևոր օջախներ․ բարձրացրած հարցերով, գիտական ոլորտում ունեցած ավանդով և արժեբանությամբ մինչ օրս էլ պահպանում են իրենց արդիականությունը․ «Տարբեր ճգնաժամեր հայը հաղթահարել է հոգևոր ժառանգության, այդ թվում՝ վանական համալիրների միջոցով, որոնք, որպես արժեբանություն, ձևավորել են համապատասխան կարողություններ, սնել մեզնից յուրաքանչյուրին իրեն բնորոշ գունապնակի երանգներով։ Համոզված եմ՝ այսօր էլ հոգևոր ժառանգության՝ կրթության շնորհիվ ենք ունենալու նոր համոզմունքներ, որակներ և վերաարժևորումներ»։

Սուրբ Աստվածածին, Հայրավանք վանական համալիր, Սաղմոսավանք, Գլաձորի Սուրբ Ստեփանոս եկեղեցի, Սուրբ Աստվածածին (Յոթ վերք), Տաթև վանք և այլն․ ցուցադրությանը ներկայացված յուրաքանչյուր աշխատանք առանձնանում էր իր գույներով և գաղափարով, որ դրված էր ստեղծագործության հիմքում։

Ի դեպ, ցուցահանդեսը նաև նորարարական է․ յուրաքանչյուր աշխատանքի կցված QR կոդի միջոցով հնարավոր է ծանոթանալ ստեղծագործության մեջ պատկերված հոգևոր հուշարձանի պատմությանը, ճարտարապետական հորինվածքին, տվյալ ժամանակաշրջանում դերակատարմանն ու ավանդապատումներին։

Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանը նկատում է՝ կան թեմաներ, որոնց ստեղծագործողները զգուշավորությամբ են մոտնենում․ հոգևոր թեմաները դրանց շարքում են։

Պրոֆեսոր Հակոբյանը հավելում է՝ համաշխարհային ճանաչում ձեռք բերած ինքնատիպ միջնադարյան ճարտարապետական հուշարձաններ պատկերող ստեղծագործությունները լի են սիրով, ինքնատիպ լուծումներով․ սա այցելուի և մասնագետի մեկտեղած կարծիք է․ «Հոգևորը սեր է, իսկ սերն ամենուր է՝ մասնավորապես՝ արվեստում։ Ներկայացված 20 ստեղծագործությունները սիրո դրսևորում են»։

Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոնի նորանշանակ վարիչ Սյուզաննա Գրիգորյանը «Հայոց հոգևոր հուշարձաները» խորագրով ցուցահանդեսի կազմակերպումը պատահական չհամարեց․ օրեր անց Հայ առաքելական եկեղեցին նշելու է Թարգմանչաց տոնը՝ մեկ անգամ ևս հաստատելով, որ եկեղեցին ինչպես միջնադարում, այնպես էլ այսօր իր կրթական մեծ դերակատարումն ունի հասարակության կյանքում։

Արվեստագիտության թեկնածուն նկատում է՝ ներկայիս օրհասական իրավիճակում կարևոր է գիտակցել՝ հոգևորը, մշակույթն ու կրթություն են ազգային նկարագիրը և ինքնությունը պահպանելու կարևոր հիմքերը։