ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Հայոց լեզվի դասավանդման մեթոդիկայի հիմնահարցեր» գիտական նստաշրջանում
23.11.2017
«Հայոց լեզվի դասավանդման մեթոդիկայի հիմնահարցեր» գիտական նստաշրջանում

Մանկավարժական համալսարանի Բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի նախաձեռնությամբ անցկացվեց «Հայոց լեզվի դասավանդման մեթոդիկայի հիմնահարցեր» խորագրով հանրապետական գիտական նստաշրջան:

Բուհի հիմնադրման 95-ամյակին նվիրված գիտական նստաշրջանին մասնակցում էին Կրթության ազգային ինստիտուտից հրավիրված մասնագետներ, Արցախի և մարզային դպրոցների ուսուցիչներ:

ՀՊՄՀ-ի ուսումնագիտական հարցերի գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը կարևորեց այս օրերին բուհի հոբելյանի շրջանակներում անցկացվող գիտաժողովների ու գիտական նստաշրջանների անցկացումը, որտեղ յուրաքանչյուր մասնագիտության հանդեպ ներկայացվում են նոր մոտեցումներ: Նա ընդգծեց գիտաժողովին ներկայացված թեմաների արդիականությունը՝ հավաստելով, որ առաջ քաշված հարցադրումները նորովի մեկնաբանման կարիք ունեն: Պրոռեկտորն նշեց, որ Հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը մշտապես անդրադառնում է ժամանակի հետ փոփոխվող իրողություններին, ինչի հետ փոխվում են նաև մեթոդները:

«Մենք մեծ պատասխանատվությամբ ենք մոտենում ուսուցիչների պատրաստման գործին. պատրաստել մրցունակ մասնագետներ՝ աշխատաշուկայում ազատ գործելու և առողջ սերունդ կրթելու համար»,-նշեց Բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանը:

Նա հավելեց, որ Գիտաժողովի թեմատիկան արդիական է և վերաբերում է հայոց լեզվի և գրականության դասավանդման մեթոդիկայի հիմնահարցերին, ինչպե՞ս կառուցել հայոց լեզվի և գրականության ժամանակակից դասը բուհում և դպրոցում, ժամանակակից դասի տեսակներ, ի՞նչ կոմպետենցիաներ ներառել և ինչպե՞ս փոխանցել դրանք սաներին և այլն:

Լիագումար նիստում մայրենիի դասերին Հովհ. Թումանյանի կենսագրության ուսուցման կարևորությանն անդրադարձավ պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը՝ վստահեցնելով, որ գրողի ստեղծագործությունը վաղնջական քաղաքակրթությունը ներկայացնող հայ ժողովրդի դարավոր իմաստության դասական դրսևորումն է:

«Թումանյանի կյանքի իմացությունը կենսական անհրաժեշտություն է ամեն հայի համար: Նա հավատում էր, որ հայ ժողովրդի զավակները կարող են համաքայլ ընթանալ քաղաքակիրթ աշխարհի մեծ ազգերի սերունդների հետ: Նա երազում էր հայ մանուկին ու երիտասարդին հաղորդ դարձնել համաշխարհային մշակույթի երևելի դրսևորումներին»,-նշեց պրոֆեսոր Դոլուխանյանն ու հավելեց, որ այսօր ևս մանկավարժական առումով նույնքան կարևոր է հայ մանկանն ու երիտասարդին մայրենիի ուսուցման ժամանակ ուսուցանել Հովհ. Թումանյանի լուսավոր ու ազգապահպան կենսապատումը:

Զեկույցով հանդես եկավ նաև պրոֆեսոր Մելանյա Աստվածատրյանը և ներկայացրեց ինստիտուցիոնալ բազմալեզվական պայմաններում ժամանակակից լեզուների դասավանդման ձևերը:

«Ուսուցումը կյանքի համար չէ, այլ հենց կյանքն է, իսկ ուսուցման համար պետք է կարողանալ հաղորդակցվել»,-նշեց պրոֆեսորն ու անդրադարձավ կրթության զարգացման նոր և լեզվակրթության ժամանակակից միտումներին, խոսեց կրթության նոր հարացույցի մասին, որը պահանջում է սովորողի ինքնաբավարարության ձևավորում, նրա ստեղծագործական կարողությունների, քննադատական մտածողության ձևավորում և այլն:

Մելանյա Աստվածատրյանն իր զեկույցում կարևորեց ուսումնառության նոր միջավայրի ստեղծման անհրաժեշտությունը, լեզուների ուսուցման առանձնահատկությունների դերը միջմշակութային հարաբերություններում և հավելեց. «Յուրաքանչյուր առարկայի դասընթացում հատուկ ուշադրություն պետք է դարձնել լեզուների և մշակույթների փոխգործունեությանը, որը նպաստում է լեզվակրթության միասնական մեթոդաբանության մշակմանը»:

Գիտական նստաշրջանը շարունակվեց 4 մասնախմբերում՝ պրոֆեսորներ Վազգեն Համբարձումյանի, Սուրեն Դանիելյանի, Ջուլիետա Գյուլամիրյանի և դոցենտ Գայանե Խալաթյանի նախագահությամբ:

Նստաշրջանն ամփոփվեց եզրափակիչ նիստով, որտեղ նախագահները հանդես եկան հաշվետվությամբ, ապա կազմկոմիտեն ամփոփեց արդյունքները: