ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Հայոց պատմություն»-ը՝ սերբերեն
15.10.2021
«Հայոց պատմություն»-ը՝ սերբերեն

Բելգրադում կայացավ Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» գրքի շնորհանդեսը, որին Հայաստանից ներկա էին ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՊՄՀ-ի Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Աելիտա Դոլուխանյանը, որը նաև Խորենացու պատմության մասնագիտական առաջաբանի հեղինակն է, ինչպես նաև Երևան քաղաքի թանգարանի փոխնտնօրեն Լուսինե Ամիրջանյանը:

Համաշխարհային պատմագրության մեջ բացառիկ արժեք ունեցող կոթողային աշխատությունը թարգմանվել է նաև սերբերեն, ինչը կարևոր մշակութային իրադարձություն է հայ և սերբ բարեկամ ու բախտակից ժողովուրդների կյանքում:

Ձեռնարկն իրականացվել է սերբ ժողովրդին նվիրված դուստր, գրող, թարգմանիչ, արվեստագետ Վեսնա Պեշիչի և Հայաստանում Սերբիայի պատվավոր հյուպատոս Բաբկեն Սիմոնյանի նախաձեռնությամբ: Վերջինս հսկայական ջանքեր է գործադրում հայ-սերբական գրական և մշակութային կապերն ամրապնդելու գործում, տիրապետում է մայրենիի մակարդակով և թարգմանություններ է կատարում սերբերենից հայերեն, հայերենից սերբերեն:

Շնորհանդեսին Բաբկեն Սիմոնյանը ներկայացրեց թարգմանության ընթացքում իր դերի մասին. ելույթ ունեցան նաև թարգմանության առաջաբանի հեղինակ Աելիտա Դոլուխանյանը, իսկ ամփոփման խոսքով հանդես եկավ Աշոտ Մելքոնյանը:

Միջոցառման ընթացքում երիտասարդ սերբ դերասանուհին «Հայկ և Բել» առասպելից ներկայացրեց թատերականացված մի հատված:

Հայ մտավորականները եռօրյա այցի ընթացքում ծանոթացան Բելգրադի տեսարժան ու մշակութային վայրերին, մասնակցեցին այնտեղ անցկացվող Հայաստանի մշակույթի օրերին, միջազգային կինոփառատոնին:

Բաբկեն Սիմոնյանի նախաձեռնությամբ՝ հայ պատվիրակները հանդիպեցին Նորին Սրբություն Սերբիայի պատրիարք Պորֆիրիի հետ, որը հիանալի գիտեր Հայաստանի անցյալն ու ներկան: Վերջինս ուրախությամբ ընդունեց Մովսես Խորենացու «Հայոց պատմության» Վեսնա Պեշիչի թարգմանությունը: