ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայրենասիրական դաստիարակությունը եղել և մնում է հայ կնոջ ուսերին
07.06.2017
Հայրենասիրական դաստիարակությունը եղել և մնում է հայ կնոջ ուսերին

ՀՊՄՀ-ի Տարրական մանկավարժության և մեթոդիկայի 1-ին կուրսի ուսանողների և Հենակետային վարժարանի աշակերտների մասնակցությամբ կազմակերպվել էր «Արյան կանչով» խորագրով միջոցառում:

Ցերեկույթի ընթացքում ապագա մանկավարժներն ու աշակերտները «թերթեցին» պատմության էջերն ու ներկաներին վստահեցրին, որ բոլոր ժամանակներում հայը պայքարել է՝ պաշտպանելու իր ազատ ապրելու իրավունքը:

Միջոցառման նպատակը տարբեր պատերազմներում աբովյանականների անցած հերոսական ուղին ներկայացնելն էր, որը համալսարանի պատմության մեջ գրված է ոսկե տառերով:

«1915-ի սերունդները երբևէ չեն թողնի, որ պատմությունը կրկնվի, քանի որ նրանց արյան կանչով են օրհնվել հայոց հաղթանակները»,-վստահեցնում են ուսանողներն ու հավելում, որ աբովյանականները բոլոր ժամանակներում եղել են առաջիններից, որ մեկնել են ռազմաճակատ՝ պաշտպանելու հայրենիքը:

Ուսանողների կարծիքով՝ տեղի ունեցած իրադարձությունները սրբագրել են պատմությունը, վերականգնել ճշմարտությունը, մնում է պահպանել այն, և հավերժ վառ պահել հանուն դրա ընկածների հիշատակը. «Մահը վանեցին իրենց կյանքով և հանուն կյանքի»:

Ապագա մանկավարժներն այն համոզմունքին են, որ հայ զինվորը մարտի է մեկնում պատմության և հաղթանակի հանդեպ մեծագույն հավատով: Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակակիցները համոզվեցին, որ պատմությունը կրկնվում է. Հայաստանի միակ դաշնակիցը եղել և մնում են բանակն ու ժողովուրդը:

Իրենց խոսքերում ուսանողները հիշատակեցին պատերազմների մասնակից աբովյանականներին՝ վստահեցնելով, որ իրենք առաքելություն ունեն նրանց սխրանքը փոխանցելու գալիք սերունդներին:

Միջոցառման նախաձեռնող Հայոց պատմության ամբիոնի դասախոս Արմինե Եփրիկյանը ձեռնարկն ապագա դասվարների համար իսկական հայրենասիրական դաս է համարում: Նրա կարծիքով՝ ապագա մանկավարժներին պետք է զինել այնպիսի գիտելիքներով, որ վաղվա սերունդները լինեն հուսալի ձեռքերում:

«Միջոցառումը ևս մեկ անգամ ապացուցեց՝ հայրենասիրական դաստիարակությունը հայ կնոջ ուսերին է»,-նշեց ՀՊՄՀ Գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցն ու ուսանողներին հորդորեց՝ չնայած բոլոր պատերազմներում բուհն ունեցել է մեծաթիվ մասնակիցներ, բայց պետք է նկատի ունենալ, որ կարևորը մասնակիցների թիվը չէ, այլ այն, որ ազգն այդ օրերին միավորվում է միևնույն նպատակի ու գաղափարի համար՝ ունենալ մեկ հայրենիք: