Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհվել է Մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանի շրջանավարտ, լեյտենանտ Տիգրան Միկոյանը:
Տիգրան Միկոյանը 2014 թվականին ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանը: Բոլոր մասնագիտություններից վեր դասելով հայրենիքի պաշտպանի մասնագիտությունը՝ ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան:
Հենակետային վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանն www.aspu.am ի հետ զրույցում նշեց՝ Տիգրան Միկոյանը մեծ ապագա ունեցող երիտասարդ էր, ում անունը հավերժ կմնա մեր պատմության հերոսական էջերում:
«Տիգրանը վառ անհատականություն է, որ միշտ մնալու է բոլոր ուսուցիչների հիշողություններում: Անասելի մեծ ցավ ապրեցինք՝ լսելով այդ չարաբաստիկ լուրը: Կորցրածը դառն է, բայց շահածը հաղթանակն է»,-նշեց վարժարանի տնօրենն ու հավելեց` Տիգրանը վստահ էր, որ հայոց սահմանը անառիկ ու անկորուստ կպահի:
«Կարևոր չէ՝ ինչպես կխփես ինքդ, շատ ավելի կարևոր է, թե ինչ հարվածի կդիմանաս»,-սա Տիգրանի կարգախոսն էր, որով առաջնորդվելով էլ կամովի ընտրել էր ծառայության վայրն ու մեկնել «Եղնիկներ»:
Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները, հենակետային վարժարանի ուսուցչական կազմն ու աշակերտներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում Տիգրան Միկոյանի հարազատներին, զինակիցներին։ Հավերժ փառք Տիգրանին և խոնարհում իրենց կյանքը հայրենիքին զոհած քաջ հայորդիներին, հերոսացած բոլոր զիվորներին: