ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայրենիքը պաշտպանելիս զոհվել է ՀՊՄՀ ուսանող Էդմոն Սարգսյանը
14.09.2022
Հայրենիքը պաշտպանելիս զոհվել է ՀՊՄՀ ուսանող Էդմոն Սարգսյանը

Մանկավարժական համալսարանը կրկին անդառնալի կորուստ ունի․հայրենիքի սահմանները պաշտպանելիս հակառակորդի կրակոցից զոհվել է բուհի Գեղարվեստական լուսանկարչություն բաժնի ուսանող, ժամկետային զինծառայող Էդմոն Սարգսյանը։

Էդմոն Սարգսյանը ծնվել էր 2003 թվականին Երևանում։ Բանակ զորակոչվել նախորդ տարվա հունվարին, ծառայում էր Վայոց ձորի զորամասերից մեկում։

ՀՊՄՀ-ի Ուսանողական խորհրդի անդամ էր, հումորով, կատակասեր ու կենսուրախ․ այսպես են նկարագրում Էդմոնին ճանաչողները։

«Դպրոցն ավարտելուց հետո, բոլորն էլ նոր կյանք են մտնում երազանքներով ու պայծառ մտքերով։ Էդմոնը ևս սովորում էր մեծ ոգևորությամբ, ուրախությամբ զորակոչվեց նաև բանակ՝ հայրենիքի հանդեպ իր պարտքը կատարելու»,-aspu.am-ի հետ զրույցում նշեց Էդմոն Սարգսյանի կուրսղեկ, Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի պրոֆեսորի պաշտոնակատար Սամվել Սևադան՝ իր ցավակցությունը հայտնելով թշնամու սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհված սիրելի սանի մահվան կապակցությամբ։

Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում Էդմոն Սարգսյանի հարազատներին, զինակիցներին, կուրսընկերներին։

Ծանր է կորուստը, վիշտն՝ անփարատելի․քաջարի հայորդու հիշատակը վառ կմնա բոլորիս սրտերում։