ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայրենիքը պաշտպանելիս զոհվել է ՀՊՄՀ ուսանող Լավրենտ Նատոյանը
13.09.2022
Հայրենիքը պաշտպանելիս զոհվել է ՀՊՄՀ ուսանող Լավրենտ Նատոյանը

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհվել է Մանկավարժական համալսարանի Պարարվեստի մանկավարժության բաժնի ուսանող, ժամկետային զինծառայող Լավրենտ Նատոյանը։

Լավրենտ Նատոյանը ծնվել էր 2004 թվականին, ընտանիքի ավագ որդին էր։ Բանակ էր զորակոչվել այս տարի ամռանը՝ 1-ին կուրսն ավարտելուց հետո։

Ապագա պարարվեստի մանկավարժը երկարամյա պարող էր և իր մասնագիտական գործունեությունն էր իրականացնում «Բերդ» պարային անսամբլում։

««Բերդ» պարային անսամբլի պարսպից մի նախշուն քար պակասեց, մի հրաշալի պարող, լուսավոր մի երիտասարդ ու Հայրենիքի պաշտպան: Անպատմելի ցավից արյունոտվեցին մեր սրտերը, մեր թևերը ջարդվեցին թռիչքի պահին և այն տունը, որ Բերդ էր կոչվում, դատարկվեց: Նրա տեղը «Բերդ» անսամբլի պարողների շարքում թափուր մնաց»,-իր խոսքում նշում է ՀՊՄՀ-ի Պարարվեստի մանկավարժության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, «Բերդ» պարային անսամբլի ղեկավար Կարեն Գևորգյանը՝ վստահեցնելով՝ Լավրենտի Նատոյանին սիրով կհիշեն բոլորը, երբ ամեն անգամ «Բերդ»-ը բեմ բարձրանա:

Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում Լավրենտ Նատոյանի հարազատներին, զինակիցներին, կուրսընկերներին։

Հավերժ փառք Լավրենտ Նատոյանին և խոնարհում իրենց կյանքը հայրենիքին զոհած քաջ հայորդիներին, հերոսացած բոլոր զիվորներին:

Նշենք, որ Լավրենտ Նատոյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին՝ ժամը 18։00-ին՝ «Արշակի» սգո սրահում (Սովետաշեն տանող ճանապարհին)։