ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայտնի են «Ամառային դպրոց 2018»-ի արդյունքները
16.05.2018
Հայտնի են «Ամառային դպրոց 2018»-ի արդյունքները

Ֆինլանդիա, Չինաստան, Հունգարիա, Բելառուս, Լիտվա, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ. սրանք «Ամառային դպրոց 2018» ծրագրի շրջանակներում Մանկավարժականի ուսանողներին հյուրընկալող երկրներն են, որոնց ուսանողներն էլ փոխադարձ այցով կլինեն ՀՊՄՀ-ի Աղավնաձորի ուսումնական բազայում:

Արդեն 7-րդ տարին անկացվող ծրագրին մասնակցելու համար դիմել է 371 ուսանող, մրցույթի արդյունքներով ընտրվել նրանցից 78-ը, որոնք էլ վիճակահանության միջոցով բացահայտեցին իրենց հյուրընկալող երկիրը:

Մրցույթի ընթացքում հաշվի են առնվել ոչ օտար լեզուների իմացությունը, այլև սեփական երկիրը ներկայացնելու հմտություններն ու կարողությունները, քանի որ ծրագրի հիմնական նպատակներից մեկն էլ միջմշակութային հաղորդակցությունն է:

Ի դեպ, աղավնաձորյան «Ամառային դպրոց 2018»-ի կազմակերպիչները վստահեցնում են, որ ծրագրում կատարվել են լրացումներ, ներառվել ազգային մշակույթին և պատմությանը, ինչպես նաև Հայաստանում վերջին տարիներին իրականացված հաջողության ծրագրերին ծանոթացնելուն վերաբերող ձեռնարկներ:

Վիճակահանությանը մասնակցում էին նաև նախորդ տարի ՀՊՄՀ-ի Աղավնաձորի ուսումնական բազայում ծրագրի մասնակից այն ուսանողները, որոնք այս տարի դեռ ավարտական կուրսում չեն. նրանք միջազգային ծրագրին կմասնակցեն Հայաստանի սահմաններից դուրս:

Ծրագրի շրջանակներում 10 ուսանող կմեկնի Լիտվայի կրթական գիտությունների համալսարան, 10-ը՝ Ֆինլանդիայի Օուլուի, 3-ը՝ Չինաստանի Հարավ-արևմտյան, 5-ը՝ Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ, 12 ուսանող՝ Բելառուսի Մաքսիմ Տանկի անվան Բելառուսի պետական մանկավարժական համալսարաններ:

10-ական ուսանողներ կմեկնեն նաև Սանկտ Պետերբուրգի Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտ, Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարան, Մոսկվայի պանկավարժական պետական համալսարան, ինչպես նաև 20 ուսանող՝ Աղավնաձոր: («Ամառային դպրոց 2018»-ի աղավնաձորյան ծրագրին կարող եք ծանոթանալ՝ ռուսերեն և անգլերեն տարբերակներով)

 

Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արա Երեմյանը շնորհավորեց մրցակցությունը հաղթահարած ուսանողներին՝ վստահեցնելով, որ համագործակցության սահմանները ընլայնելուն զուգահեռ բարձրացել է նաև մասնակիցների որակը. «Ամենատարբեր երկրների երիտասարդների հետ շփումը կնպաստի լեզվական անջրպետի վերացմանը, տարբեր երկրների միջև մշակութային կապերի ամրապնդմանը. դա շատ կարևոր է նաև Մանկավարժականի միջազգայնացման տեսանկյունից»: