ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայտնի են «Դասախոսական գավաթ-2018» մարզական խաղերի հաղթողները
12.02.2018
Հայտնի են «Դասախոսական գավաթ-2018» մարզական խաղերի հաղթողները

Օրերս ամփոփվել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախաձեռնությամբ անցկացվող «Դասախոսական գավաթ» մարզական խաղերի արդյունքերը:

Հունվարի 29-ից փետրվարի 8-ն անցկացվող առաջնությանը մասնակցում էին հայաստանյան 13 բուհերի ՝ ՀՊՄՀ-ի, ԵՊՀ-ի, ՀՊՏՀ-ի, ԵՊԼ-ի, ՀԵՊԲՀ-ի, ՃՇԱՀ-ի, ՀԱԱՀ-ի (Ագրարային), ՀՖԿՊԻ-ի, ՀԱՊՀ-ի, ՀՌՀ-ի (Սլավոնական), ՎՊՄՀ-ի, ՀՖՀ-ի (Ֆրանսիական), ՀԱՀ-ի (Ամերիկյան) ավելի քան 250 մարզասեր դասախոսներ:

Մասնակիցները մրցեցին հրաձգություն, սեղանի թենիս, շախմատ և վոլեյբոլ մարզաձևերում.1-3-րդ տեղերը զբաղեցրածները պարգևատրվեցին գավաթներով, պատվոգրերով, ինչպես նաև՝ ՀՊՏՀ-ի ղեկավարության կողմից արժանացան հատուկ նվերների:

Մանկավարժական համալսարանից առաջնությանը մասնակցում էին բուհի Շախմատի և սպորտի, Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնների, ինչպես նաև «Շախմատ» գիտահետազոտական նորաբաց ինստիտուտի և Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխման վարչության աշխատակիցները:

Շախմատ սպորտաձևում ՀՊՄՀ-ի թիմը պայքարեց 8 թիմերի հետ՝արժանանալով հաղթական գավաթի. այս սպորտաձևում 2-րդ և 3-րդ մրցանակային տեղերը զբաղեցրին ԵՊՀ-ի և ՀՌՀ-ի թիմերը:

Մանկավարժականի թիմը սեղանի թենիսի մրցապայքարում 12 թիմերի հետ խաղում արժանացավ 2-րդ մրցանակային տեղին՝ զիջելով միայն ՀՌՀ-ի թիմին:
ՀՊՄՀ-ի թիմը հրաձգություն սպորտաձևում 13 թիմերից զբաղեցրեց 6-րդ, իսկ վոլեյբոլում 9 թիմերի հետ պայքարում կիսեց 5-6-րդ տեղերը:

aspu.am-ի հետ զրույցում Շախմատի և սպորտի ամբիոնի դասախոս Արման Գևորգյանը նշեց, որ «Դասախոսական գավաթ» մարզական խաղերի կարևոր նպատակներից է դասախոսների օրինակով խթանել և տարածել բուհական համակարգում ֆիզիկական դաստիարակության դերի բարձրացումը՝ ևս մեկ անգամ ընդգծելով դրա կարևորությունը նաև երիտասարդ սերնդի կյանքում:

Վերջինս հավելեց, որ առաջիկայում ՀՊՄՀ-ի Շախմատի և սպորտի ամբիոնը ուսանողների համար մի շարք սպորտաձևերում կանցկացնի մրցաշարեր, որոնց միջոցով կհամալրվեն հավաքականների թիմերի կազմը՝ նախապատրաստվելով ուսանողական մարզական խաղերին: