Հունիսի 1-ի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնը, ինչպես ամեն տարի, հանդես եկավ օրվա խորհրդին համահունչ նախաձեռնությամբ: Նախորդ տարիներին ուսանողները ներկայացնում էին մանկության վերաբերյալ քարոզներ, լավագույններն արժանանում էին մրցանակների. այս տարի միջոցառումն անցկացվեց նոր ձևաչափով:
Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աիդա Թոփուզյանը շնորհավորեց մասնակիցներին տոնի առթիվ և ընդգծեց՝ երեխաներն իսկապես պաշտպանության կարիք ունեն: «Ձեռնարկին մասնակցում են երեխաների իրավունքների պաշտպանության համար շահագրգիռ մարդիկ. մենք՝ բոլորս, երկու առաքելություն ունենք՝ լինել լավ մասնագետ և սատար կանգնել երեխային»:
Սոցիալական մանկավարժություն մասնագիտության 5-րդ կուրսի ուսանողներ Աշխեն Սագսյանը և Անահիտ Հայրապետյանը նախ ներկայացրին երեխաների իրավունքների շրջանակներում իրականացրած իրենց հետազոտությունների արդյունքները, իսկ մանկավարժական համահամալսարանական օլիմպիադայի հաղթողներ Նարինե Թաթոյանը, Շուշանիկ Աբովյանը և Անահիտ Ադամյանը՝ մանկությանն ուղղված իրենց քարոզները:
Սկզբնական կրթության ֆակուլտետի մագիստրոսներ Մարգարիտա Աբգարյանը և Արաքսյա Մուրադյանը ներկայացրին աշխարհի տարբեր երկրներում երեխաների դաստիարակությանը և իրավունքների պաշտպանությանը վերաբերող հետաքրքիր փաստեր:
Ուսանողները նախապես ներկայացրել էին «Մանկության հիմնախնդիրները ժամանակակից աշխարհում» խորագրով թեմատիկ և հեղինակային լուսանկարներ. ներկաները և ժյուրին քվեարկությամբ ընտրեցին լավագույն հիմնախնդիրներն արծարծող լուսանկարները:
Հեղինակային լուսանկարների մրցույթում 1-3-րդ տեղերը գրավեցին Հեղինե Թումանյանը, Մերի Աղաջանյանը, Վիկտորյա Հովհաննիսյանը, իսկ թեմատիկ լուսանկարների մրցույթի լավագույններն էին Լիանա Նիկողոսյանը, Անի Դանիելյանը, Լուսինե Սարգսյանը:
Սկզբնական կրթության երգչախումբը, խմբավար՝ Վաչագան Նավասարդյան, մանկական երգերի կատարումներով եզրափակեց միջոցառումը:
Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը կարևորեց մանկության հիմնախնդիրներին նվիրված միջոցառումը՝ առաջ քաշված հարցադրումներով և լուծման առաջարկներով, ապա շնորհավորեց ուսանողներին և դասախոսներին հերթական հաջողված նախաձեռնության համար՝ ուսանողներին հանձնելով մրցանակներ և հավաստագրեր: