ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայտնի են քարոզ-մրցույթի հաղթողները
01.06.2022
Հայտնի են քարոզ-մրցույթի հաղթողները

«Հունիսի 1-ին աշխարհը նշում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Ժամանակն ապացուցում է, որ 21-րդ դարում հասարակության զարգացումը, անվտանգությունը և երեխայի իրավունքները միահյուսված են: Այսօր մանկությունը դիտարկվում է ոչ միայն երեխայի կենսաբանական հասունության, այլ որոշակի սոցիալական կարգավիճակի և տարիքային այդ փուլին հատուկ իրավունքների և պարտականությունների շրջանակում: Մանկավարժական համալսարանը չէր կարող անմասն մնալ և չարձագանքել օրվա խորհրդին»,-«Իմ համալսարանը 100 տարեկան է» քարոզ-մրցույթի ընթացքում նշեց Մանկավարժության ամբիոնի վարիչ Աիդա Թոփուզյանը։

Պրոֆեսոր Թոփուզյանը հույս հայտնեց, որ քիչ թե շատ մտածող, ազգային ինքնագիտակցությամբ մարդիկ մշտապես հավատարիմ կմնան երեխայի, մանկության բարձրարժեքության գաղափարներին, ինչին մշտապես հավատարիմ է մնացել նաև մանկավարժական մայր բուհը։

Ամբիոնի նախաձեռնությամբ արդեն ավանդաբար անցկացվող քարոզ-մրցույթն այս տարի նվիրված էր ՀՊՄՀ-ի հիմնադրման 100-ամյակին․ձեռնարկն ընդլայնվել է՝ միաժամանակ լինելով ուսանողական քարոզների և սոցիալական տեսահոլովակների մրցույթ։

Այս տարի քարոզ-մրցույթը կրում էր «Իմ համալսարանը 100 տարեկան է» խորագիրը․ բուհի տարբեր ֆակուլտետներից մրցույթի 24 մասնակիցներն անդրադարձել էին շրջանավարտ-դպրոցականների մասնագիտական կողմնորոշման, ինքնուրույն որոշում կայացնելու և ընտրություն կատարելու հմտությունների ձևավորման հարցերին։

Եզրափակչում հայտնված 5-ական մասնակիցներից՝ «Լավագույն քարոզ» և «Լավագույն սոցիալական տեսահոլովակ» անվանակարգերում 3-ական հաղթողներին ընտրելու հնարավորությունը երևանյան մի քանի դպրոցների և Խամաճիկների թատրոնի սաներինն էր։

«Մենք պետք է մտածենք գլխավորապես այս երկրի մատաղ սերնդի մասին»,-մրցույթի մասնակիցները երեխաներին ուղղված իրենց քարոզներում ներկայացրին բուհի առաքելությունը, մաքառումների և հաղթանակների արահետով անցած կրթական դարբնոցի ավանդույթները, այստեղ թրծվելու առավելությունները, նկատելով՝ Մեծ Լուսավորչի պատգամն այսօր էլ ուղենշային է։

«Բժիշկը մարմինն է բուժում, մանկավարժը՝ հոգին։ Այսօրվա հարափոփոխ աշխարհն ունի լավագույն ուսուցիչների կարիք, ովքեր զինված կլինեն գիտելիքների առավելագույն ծավալով և պատրաստ դրանց մատչելի, լիարժեք և հետաքրքիր մատուցմանը։ Մարդուն անհնար է սովորեցնել ամբողջ կյանքի համար․ նրան պետք է սովորեցնել ամբողջ կյանքում»,-իր ելույթում նշեց Սկզբնական կրթության ֆակուլտետի ուսանող, «Լավագույն քարոզ» անվանակարգի հաղթող Արուս Այվազյանն ու հավելեց՝ շուրջ մեկ դար Մանկավարժականը սովորեցնում է սովորեցնել․սա է մեր երկրում մանկավարժության ոլորտի հաջողության գրավականը։

Մասնագիտության դժվար, բայցև կարևոր ընտրության, մանկավարժական կրթության կարևորության և բուհական կյանքի մասին իրենց մտորումներն ու ապրումները մրցույթի մասնակիցները ներկայացրել էին նաև մեդիաոլորտում։

«Լավագույն սոցիալական տեսահոլովակ» անվանակարգում հաղթող ճանաչվեցին և 1-ին պատվավոր հորիզոնական զբաղեցրին Սկզբնական կրթության ֆակուլտետի ուսանողներ Լուսինե Մակինյանն ու Մարիամ Եփրեմյանը։

Վերջիններս Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի կողմից ևս արժանացան պարգևի։

«Ուսուցչությունն առաջին հերթին երեխաների հետ փոխհարաբերությունների մասին է։ Փոխհարաբերություններ, որ կառուցված են բազմակարծության, փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության, իրավունքահենքության, մասնակցայնության, մարդակենտրոնության սկզբունքների վրա։ 100 տարին իմաստության, բայցև մեծ պատասխանատվության մասին է․ այդ իմաստությունն ու փորձը ներդնելու՝ ի նպաստ անհատի և հասարակության բարեկեցության»,-նշեց ՀՊՄՀ շրջանավարտ, 2014 թվականի քարոզ-մրցույթի առաջին հաղթող, իսկ այսօր արդեն բուհի դասախոս Միշա Թադևոսյանը։

Մրցույթի մասնակիցներին շնորհավորեցին և դրա կարևորությանն անդրադարձան նաև Բանասիրական, Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկաններ Աշոտ Գալստյանը, Հեղինե Խաչատրյանը, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը։

Ձեռնարկի ընթացքում հանդես եկան Խամաճիկների թատրոնի սաները։

Ի դեպ, մասնակիցների քարոզներն առաջիկայում հասանելի կլինեն նաև Առաջին համալսարանական ռադիո «Ֆամա»-ի եթերում։