Մանկավարժական համալսարանում այսօր կայացավ սպորտային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը, հանձնվեցին պատվոգրեր, հաղթող թիմերը ստացան գավաթներ։
Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված երկշաբաթյա սպորտային միջոցառմանը պայքարեցին բուհի 10 ֆակուլտետների, ՀՊՄՀ Հենակետային ավագ դպրոցի, ինչպես նաև «Էրեբունի» և Լևոն Սարգսյանի անվան բժշկական քոլեջների թիմերը։
Հաղթողներ ընտրվեցին շախմատ, թենիս, վոլեյբոլ, հրաձգություն և ազգային խաղեր սպորտաձևերում։
ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը, կարևորելով սպորտային ձեռնարկի անցկացումը, հույս հայտնեց, որ երկշաբաթյա միջոցառումը ակտիվացրեց և առողջ ապրելակերպով լցրեց երիտասարդների առօրյան։ Պրոռեկտորը կարծում է, որ երկշաբաթյա սպորտային փորձություններն ապագա մանկավարժներին օգնել է, որ առողջ լինեն՝ հոգով և մարմնով։ Լիահույս է՝ հետագայում մրցույթը կընդլայնի մասնակիցների թիվը։
ՈւԽ նախագահ Պարույր Գալստյանն էլ ուրախությամբ նկատեց՝ ուսանողական կառույցի նախաձեռնությունն ակտիվացրեց բուհում սպորտային կյանքն ու հետաքրքրություն առաջացրեց դեպի սպորտը։
Շախմատի և սպորտի ամբիոնի դասախոս Լիլիթ Գրիգորյանը շնորհավորեց մասնակիցներին և հաղթող թիմերին․ վստահեցրեց՝ բուհում սպորտային կյանքն աշխուժացնելու համար ամբիոնում մշտապես պատրաստ են աջակցել երիտասարդներին և նրանց կյանքը լցնել սպորտի ռիթմով:
Այսպիսով, հրաձգության մրցույթում 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց Սկզբնական կրթության ֆակուլտետը, 2-րդը՝ Գեղարվեստական կրթության, իսկ 1-ին պատվավոր հորիզոնականը՝ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետինն էր։
Սեղանի թենիս մրցույթում՝ 3-րդ տեղը զբաղեցրեց «Էրեբունի» բժշկական ակադեմիայի թիմը, 2-րդը՝ Օտար լեզուների ֆակուլտետը, իսկ պատվավոր 1-ի հորիզոնականը զբաղեցրեց Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի թիմը։ Շախմատ սպորտաձևում ևս եղան հաղթողներ․3-րդ հորիզոնականում Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի թիմն էր, 2-րդ տեղը զբաղեցրեց Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետը, իսկ 1-ին տեղը՝ ՀՊՄՀ Հենակետային ավագ դպրոցը։
Վոլեյբոլի մրցաշարում հաղթող թիմ ճանաչվեց Պատմության և հասարակագիտության ֆակուլտետը, 2-րդ հորիզոնականը Գեղարվեստական կրթության ֆակուլտետի թիմինն էր, իսկ 3-րդը՝ Կուլտուրայի ֆակուլտետինը։
Հաղթողներ եղան նաև ազգային խաղերում․ 1-ին հորիզոնականը զբաղեցրեց Կուլտուրայի ֆակուլտետը, 2-րդ տեղը՝ Կենսաբանություն, քիմիա և աշխարհագրության ֆակուլտետը, իսկ 3-րդ տեղը՝ Գեղարվեստական կրթության ֆակուլտետը։
ՀՊՄՀ Ուսանողական խորհրդի նախագահ Պարույր Գալստյանն ամփոփելով մրցույթը հաղթական գավաթը հանձնեց Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի թիմին։