Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ, Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ամենամյա մրցանակաբաշխությանը «Վահան Թեքեյան» մրցանակներ հանձնեց 4 անվանակարգերի հաղթողներին:
Արդեն երկու տասնամյակ Միությունը մրցանակներ է հանձնում գրականության, երաժշտության, կերպարվեստի և մշակույթի այլ ոլորտների ներկայացուցիչներին:
Այս տարի «Գրականություն» անվանակարգում մրցանակի արժանացավ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը՝ «Պատասխան 100 տարի անց» գեղարվեստական վավերագրքի համար, «Երաժշտություն» անվանակարգում՝ ՌԴ վաստակավոր արտիստ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, «Կերպարվեստ»-ում՝ երիտասարդ նկարիչ Միքայել Հարությունյանը՝ «Հայաստան» կտավի համար, իսկ «Թատերական արվեստ» անվանակարգում մրցանակը շնորհվեց «Անկոչ Աննան» ներկայացման բեմադրիչ, Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան, ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանին:
«Գրականություն» անվանակարգում այս տարի մրցանակ հանձնվեց նաև գրականագետ Հենրիկ Բախչինյանին՝ «Գրիգոր Նարեկացու գանձարանը. վերծանություն և քննություն» աշխատության համար:
Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց դափնեկիրներին և ընդգծեց, որ մրցանակների հավակնորդների աշխատանքները գնահատել են մասնագիտական խումբն ու հանձնաժողովները: Նա հույս հայտնեց, որ մրցանակները կնշանավորեն մշակույթի ոլորտում նոր ձեռբերումներ և հաջողություններ:
ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը Կառավարության անունից շնորհավորեց մրցանակակիրներին և վստահեցրեց, որ Միության տասնամյակների աշխատանքը նպաստում է հայ հանրային և հոգևոր կյանքի աշխուժացմանը:
«Մեծանուն գործիչների կողքին նաև շնորհալի երիտասարադներին գնահատելը ուղենիշ կլինի նրանց հետագա ստեղծագործական կյանքի համար: Կառավարությունը բարձր է գնահատում Միության հասարակական և մշակութային գործունեությունը»,-նշեց փոխվարչապետը և գործադիր մարմնի անունից մաղթեց նորանոր հաջողություններ՝ ի նպաստ արվեստի, մշակույթի և գիտության զարգացման:
Թեքեյան մշակութային միության ԱՄՆ-ի և Կանադայի մասնաճյուղի ղեկավար Երվանդ Ազատյանը մրցանակաբաշխությունը համարում է գրական և մշակութային կյանքի կարևոր իրադարձություն:
Մրցանակ հանձնելով «Գրականություն» անվանակարգի հաղթող Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանին՝ Երվանդ Ազատյանը նշեց, որ պատմական մեծ արժեք ունեցող գիրքը ընթերցելիս Ցեղասպանությունը երևում է ներսից. մտավորականներն իրենց վերջին նամակներում պատգամներ են թողել գալիք սերունդներին:
Թանգարանի տնօրենը շնորհակալություն հայտնեց պարգևի համար և նշեց, որ վավերագիրքը 20 մարդու հսկայածավալ աշխատանքի արդյունք է. «Մրցանակը Թեքեյանի օրհնանքն է. գիրքը ստեղծողները նրա հոգեեղբայրներն են, որ 100 տարի անց շարունակում են նահատակվածների գործը»:
«Երաժշտություն» անվանակարգի մրցանակակիր Կոնստանտին Օրբելյանի համար ևս մրցանակը անսպասելի էր ու հաճելի: Մաեստրոն խոստացավ նոր բեմադրություններ ստեղծել. Հայաստանում միշտ էլ տաղանդներ եղել են:
«Մշակույթն է, որ հավիտյանս հավիտենից կպահի ազգը, լեզուն ու կրոնը»,-նշեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՊՄՀ-ի պրոֆեսոր Արմեն Էլբակյանը՝ Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանին հանձնելով «Թատերական արվեստ» անվանակարգի այս տարվա մրցանակը:
Արմեն Էլբակյանը ներկայացումը համարեց ռեժիսորի յուրահատուկ մեկնություն, որն իր գեղագիտական մտածողությամբ համապատասխանում է Դոստոևսկու ժամանակին և ունի հասցեատեր, որ այսօրվա մարդն է:
Գրիգոր Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց մրցանակի համար և նշեց, որ սա բեմադրության անդրանիկ մրցանակն է՝ «Անկոչ Աննան» սպասում էր իր օրվան:
Կերպարվեստ անվանակարգի հաղթող Միքայել Հարությունյանը 18 տարեկան է: Միության պատմության ընթացքում նա առաջին երկտասարդ մրցանակակիրն է: Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանը նրա կտավները տեսնելիս չի հավատացել, որ երիտասարդ հեղինակը կարող է այդպիսի նկարներ ստեղծել. այդ տարիքում դժվար է նման տաղանդ ունենալ: «Կերպարվեստն ունի մի քանի բարդություն, որ պահանջում է փորձ և տարիք. Միքայելի դեպքում սա աստվածաշնորհ տաղանդի վկայություն է»,-նշեց պրոֆեսորն ու հորդորեց արդարացնել մրցանակը, որը կարևոր քայլ է արվեստի աշխարհ մուտք գործելու ճանապարհին:
«Ես հպարտ եմ Թեքեյան մշակութային միության գոյությամբ»,-նշեց երիտասարդ արվեստագետն ու խոստովանեց՝ դժվար է խոսել. ամբիոնից հնչել են փորձառուների խոսքեր, որոնց շարունակելը ավելորդ է: Միքայել Հարությունյանը մրցանակը պարտավորեցնող համարեց և խոստացավ արդարացնել սպասելիքները:
Մրցանակաբաշխությանը կատարումներով հանդես եկավ նաև Ռադիոյի և հեռուստատեսության էստրադային նվագախումբը՝ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ: