ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կայացավ ԱՊՀ մանկավարժական բուհերի հանրային խորհրդի առցանց կոնֆերանսը
18.12.2020
Կայացավ ԱՊՀ մանկավարժական բուհերի հանրային խորհրդի առցանց կոնֆերանսը

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը դեկտեմբերի 18-ին մասնակցեց ԱՊՀ մանկավարժական բուհերի հանրային խորհրդի հերթական տեսակոնֆերանսին: Կոնֆերանսը վարում էր ԱՊՀ մանկավարժական բուհերի հանրային խորհրդի նախագահ, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ալեքսեյ Լուբկովը:

Խորհրդի անդամ երկրների ռեկտորները կարևորեցին արդեն ավանդական դարձած տեսակապի միոջոցով կոնֆերանսի անցկացումը, ինչը հնարավորություն է տալիս քննարկել և առաջարկել տեղում առաջացած խնդիրների լուծումներ:

Նիստի օրակարգում էին մի շարք հարցեր, որոնք կապված էին հիմնականում նախորդ նիստերի ընթացքում կայացված որոշումների իրականացման, շարունակական մանկավարժական կրթության, ոլորտի երիտասարդ գիտնականների գիտաժողովի անցկացման, ինչպես նաև հաջորդ տարվա Խորհրդի գործունեության պլանի հաստատման հետ:

Խորհրդի աշխատանքներին մասնակցում էին ՌԴ Գերցենի անվան պետական մանկավարժական համալսարանի, Մոլդովայի Հանրապետության Սլավոնական համալսարանի, Ղազախստանի Աբայի անվան ազգային մանկավարժական համալսարանի, ինչպես նաև ԱՊՀ երկրները ներկայացնող մանկավարժական մի շարք այլ բուհերի ռեկտորներ:

Տեսակոնֆերանսի ընթացքում Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ևս ողջունեց գործընկերներին և վստահեցրեց, որ բուհը շարունակելու է իրականացնել ԱՊՀ երկրների և հատկապես՝ ՌԴ մանկավարժական բուհերի հետ համագործակցության շրջանակներն ընդլայնելու քաղաքականությունը:

Գործընկեր բուհերի միջև համագործակցությունն ամրապնդելու նպատակով առաջարկվեց կազմակերպել սեմինարներ, վերապատրաստումներ, փորձի փոխանակումներ և այլ միջոցառումներ: Խորհրդի նիստում քննարկվեց և ընդունվեց Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի՝ որպես ԱՊՀ երկրներում մանկավարժական կադրեր պատրաստող բազային կազմակերպության ծրագիրը:

Խորհրդի որոշմամբ միջազգային ֆորումի անցկացման ժամկետ նախանշվեց 2021 թվականի մայիսը: