ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«ՀՀ-ում ներառական կրթությունը պետական քաղաքականության կարևոր մաս է»
03.05.2017
«ՀՀ-ում ներառական կրթությունը պետական քաղաքականության կարևոր մաս է»

Մայիս 2-3-ը Երևանի քաղաքապետարանի Աշխատակազմի հանրակրթության վարչության և ՀՊՄՀ-ի համատեղ նախաձեռնությամբ անցկացվում է «Ներառական կրթություն.մարտահրավերներ, հիմնախնդիրներ, լուծումներ» թեմայով գիտապրակտիկ համաժողով:

Երկօրյա համաժողովին մասնակցում էին ներառական դպրոցների տնօրեններ, հատուկ և սոցիալական մանկավարժներ, դասախոսներ, բազմամասանգիտական թիմի անդամաներ, ուսուցիչներ, ծնողներ, շահագրգիռ այլ անձինք:

Քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը կարևոր և արդյունավետ համարեց Մանկավարժական համալսարանի հետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ բուհը միշտ պատրաստակամ է օգնել ու աջակցել յուրաքանչյուր գործընթացում. այստեղ աշխատում են գիտակ մարդիկ, որոնք գիտեն կրթության արժեքն ու ծառայել կրթությանը.«ՀՊՄՀ-ի Հատուկ կրթության ֆակուլտետի հետ համագործակցությունն օր օրի ավելի է սերտանում, ինչի շնորհիվ կրթական ոլորտում լրացվում է ներառական կրթության առկա բացերը: Ծրագրի հիմքում բարին է. յուրաքանչյուրս պետք է քայլի դրա միջով՝ հնարավորինս բարություն տարածելով իր շուրջը: Հետադարձ կապով պետք է տեսանելի լինի արդյունքը, որ հետագայում նախանշվեն առաջիկա անելիքները»:

Քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետը կարևորեց, որ մանկավարժներն իրենց ստացած փորձը, գիտելիքներն ու նոր մեթոդները փոխանցեն դպրոցին:

Գայանե Սողոմոնյանն համաժողովի աշխատանքների աջակցելու հատուկ շնորհակալություն հայտնեց բուհի Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի վարիչ Աիդա Թոփուզյանին:

Քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի պետ Անահիտ Մելքոնյանն համաժողովի աշխատանքի արդյունավետության համար միայն պատրաստակամությունն ու սրտացավությունը քիչ համարեց. պետք է միավորել ուժերն ու կարողանալ հաջողություններ գրանցել ոլորտում՝ լուծելով առկա խնդիրները:

ՀՊՄՀ պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանն էլ նկատեց՝ Մանկավարժական համալսարանի և Երևանի քաղաքապետարանի միջև կնքված հուշագրի շրջանակներում բազմաթիվ արդյունավետ ձեռնարկներ են իրակացվել, դրանցից շատերը՝ ներառական կրթության ոլորտում. «Հատուկ կրթության ֆակուլտետն ապահովում է որակյալ կրթություն, որը ներառականության ոլորտում առկա խնդիրների լուծման համար կրթական լուրջ հարթակ է»:

Հատուկ կրթության ֆակուլտետի դեկան Սիրանուշ Կարապետյանն էլ կարևորեց համաժողովի գործնական նշանակությունը՝ նկատելով, որ կրթությունը ոչ միայն որոշակի մակարդակի գիտելիքներ ստալանու, այլև սոցիալական և անհատական զարգացման կարևոր միջոց է.դրանցից մեկն էլ՝ մարդու համակողմանի զարգացմանը նպաստելն է.«Ներառական կրթության զարգացումը պահանջում է կրթական ողջ համակարգին վերաբերող փոփոխությունների լայն շրջանակ: Այն ինքնին բազմագործոն գործընթաց է, որը ենթադրում է տարբեր մասնագետների միաժամանակյա աշխատանք, որը նախևառաջ սկսվում է սրտացավությունից»:

Դեկանը նկատեց՝ թեպետ ոլորտում նկատվում է որոշակի դրական տեղաշարժ, բայցև առկա են խնդիրներ, որոնց լուծման կարևոր հարթակներից մեկն էլ այսօրվա համաժողովն է:

«Ներառական կրթություն. մարտահրավերներ, հիմնախնդիրներ, լուծումներ» թեմայով գիտապրակտիկ համաժողովում քննարկվեցին ՀՀ-ում ներառական կրթության իրականցման ռազմավարությունը, ձևերը, առկա խնդիրները, խոչընդոտներն ու արդյունքները:

Համաժողովին ներկա հանրակրթական դպրոցների տնօրենները, հատուկ և սոցիալական մանկավարժները ներկայացրին իրենց ղեկավարած կառույցներում ներառական կրթության իրականացման ընթացքոն ու առկա խնդիրները:

Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան №20 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանն իր զեկույցում ընդգծեց, որ ՀՀ-ն միակ երկիրն է տարածաշրջանում, որն ունի ներառական կրթության փորձ և այն դարձրել է պետական քաղաքականության կարևոր մաս:

Տնօրենը նկատեց՝ առկա խնդիրները հրատապ լուծում են պահանջում. առաջնային են՝ դպրոցի ֆիզիկական միջավայրի հարմարեցումը, տեխնիկական սարքավորումների առկայությունը, աշակերտների կրթական կարիքներին համապատասխան պարագանների, դիդակտիկ նյութերով լրացնելը և այլն:

Համաժողովի մասնակիցներն աշխատանքները շարունակեցին 4 մասնաճյուղերում. ներկայցվեցին իրավիճակներ, որոնք վերլուծեցին մասնախմբերի աշխատանքը ղեկավարող մասնագետները:

Երկօրյա համաժողովի աշխատանքները կշարունակվեն վաղը. մասնակիցները կստանան հավաստագրեր: