Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցեց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 95-ամյակի կապակցությամբ կազմակերպված հոբելյանական միջոցառմանը:
Նախագահը շնորհավորեց ՀՊՄՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմին, ուսանողներին, շրջանավարտներին, ինչպես նաև բուհի ղեկավարությանը համալսարանի հիմնադրման 95-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ և բեղմնավոր աշխատանք:
Իր շնորհավորական խոսքում Նախագահը ևս մեկ անգամ ընդգծեց այն կարևոր դերը, որ ունի մանկավարժական կրթական հաստատությունը յուրաքանչյուր երկրի կյանքում:
Բուհի հոբելյանի առթիվ կրթության և գիտության բնագավառներում ունեցած վաստակի, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հանրապետության Նախագահը վաստակավոր մանկավարժի կոչումներ շնորհեց Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության և Արտասահմանյան գրականության ամբիոնների վարիչներ, դոկտոր-պրոֆեսորներ Աիդա Թոփուզյանին և Ռուզան Թադևոսյանին, իսկ երախտագիտության մեդալով պարգևատրեց մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տիգրան Թանգամյանին ու Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հեղինե Խաչատրյանին:
«Մեկ անգամ ևս ցանկանում եմ սրտանց շնորհավորել այն մարդկանց, ովքեր այժմ պարգևատրվեցին մեր հայրենիքի բարձր պարգևներով: Իհարկե, պարգևները հանձնվեցին իրենց օրինական տերերին, բայց համոզված եղեք, որ սա գնահատական է նաև ամբողջ կոլեկտիվին: Ես խորապես համոզված եմ, որ դուք ամեն ինչ անելու եք, որպեսզի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-րդ տարեդարձը բոլորս դիմավորենք շատ մեծ ձեռքբերումներով: Հավատացեք, իրոք, ձեր աշխատանքը չափազանց կարևոր է, և այդ աշխատանքը գնալով է՛լ ավելի մեծ կարևորություն է ստանում ժամանակակից աշխարհում: Կրկին սրտանց շնորհավորում եմ բոլորիդ համալսարանի 95-րդ տարեդարձի կապակցությամբ: Եվ քանի որ յուրաքանչյուր հոբելյան, յուրաքանչյուր տարեդարձ նոր սկիզբ է առաջիկա ձեռքբերումների համար, բոլորիդ մաղթում եմ բեղմնավոր աշխատանք»,-ասաց Հանրապետության Նախագահը:
Նա այցելեց համալսարանի թանգարան, որտեղ արխիվային նյութերի միջոցով ներկայացված է բուհի ստեղծման պատմությունը, ինչպես նաև համալսարանի ներկայիս գործունեությունը:
Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետի, Կրթության և գիտության նախարարի, բուհի ռեկտորի, ՖԻԴԵ-ի նախագահի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջեց հանրապետությունում շախմատի ուսուցիչներ պատրաստող միակ ուսումնական հաստատության՝ մանկավարժական համալսարանի «Շախմատ» գիտահետազոտական նորաբաց ինստիտուտում, ծանոթացավ ինստիտուտի գործունեության համար ստեղծված պայմաններին և ծրագրերին:
Ինստիտուտը գործում է ՀՊՄՀ-ի կազմում՝ որպես առանձին ստորաբաժանում. գիտահետազոտական այս հաստատության կազմում ներգրավված են գիտության տարբեր բնագավառների առաջատար մասնագետներ, ովքեր հետազոտություններ են իրականացնելու շախմատի հոգեբանական, սոցիոլոգիական, կրթական և այլ հիմնախնդիրների շուրջ:
«Որպես Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ուրախ եմ և շնորհակալ, որ դուք հատուկ ուշադրություն եք դարձնում շախմատին և միշտ հանդես եք գալիս նոր նախաձեռնություններով: Եվ պատահական չէ, որ այսօր մեզ հետ է մեր բարեկամ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, բոլորովին պատահական չէ, որ մեր փորձը հետաքրքրություն է ներկայացնում այլ երկրների համար, իսկ սա առնվազն նշանակում է, որ մենք ճիշտ ճանապարհ ենք բռնել: Ուզում եմ հավատալ, որ սա լինելու է շարունակական»,-«Շախմատ» գիտահետազոտական նորաբաց ինստիտուտ այցի կապակցությամբ ասաց Սերժ Սարգսյանը:
Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը, շնորհավորելով շուրջ մեկդարյա պատմություն ունեցող բուհի 95-ամյա հոբելյանը, ընդգծեց՝ մանկավարժական դարբնոցը հարուստ է իր ավելի քանի 150 հազար շրջանավարտներով, որոնց թվում են գիտության, կրթության և մշակույթի ոլորտի տասնյակ հարյուրավոր երախտավորներ, և ամենակարևորը՝ համալսարանն ավարտել է հայ ուսուցիչը, որը ժողովրդի բազմադարյա պատմության մեջ կրթել և դաստիարակել է բազմաթիվ սերունդներ. «Այստեղ դասավանդել են գիտական ներուժ ունեցող նվիրյալներ, տարբեր տարիներին ամբիոններ են ղեկավարել մեր պատմության մեջ բացառիկ ավանդ ունեցող երևելի դեմքեր: Այսօր էլ լավագույն ավանդույթները շարունակվում են. բուհում դասավանդում են է ՀՀ ԳԱԱ 6 ակադեմիկոս, ԳԱԱ 6 թղթակից անդամ, գիտությունների 103 դոկտոր, 360 թեկնածու, 140 պրոֆեսոր, 300 դոցենտ»:
Ռուբեն Միրզախանյանը նշեց, որ բուհն առաջիկա տարիներին իր առջև լուրջ խնդիրներ է դրել և ամեն ինչ արվելու է դրանց լուծման համար:
Վերջին տարիներին բուհը մեծ կարևորություն է տալիս միջազգային կապերին՝ համագործակցելով աշխարհի լավագույն մանկավարժական և ոչ միայն մանկավարժական ուղղվածություն ունեցող բուհերի հետ.«Այն պետք է մաս կազմի և դառնա միջազգային ճանաչված ուսումնական հաստատություն. որոշակի քայլեր այդ ուղղությամբ արդեն իսկ արվել են: Մինչև տարեվերջ ԱՄՆ-ի Մինիսոտայի համալսարանի հետ համատեղ կբացվի հատուկ մանկավարժության լաբորատորիա, իսկ Սան Խոսեի համալասարանի հետ նախատեսված է կնքել համագործակցության պայմանագիր»,-հավելեց ռեկտորը:
Բուհի ղեկավարը կարևորեց աշխարհում լայն ճանաչում ունեցող առաջատար բուհերից մի քանիսի հետ կրկնակի դիպլոմներ տրամադրելու հնարավորությունը:
Ռեկտորը շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և Հայաստանի Շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն, ՀՊՄՀ-ի Շախմատի և Սպորտի ամբիոնի վարիչ Սմբատ Լպուտյանին բուհում «Շախմատ» գիտահետազոտական նորաբաց ինստիտուտի հիմնադրման առթիվ՝ նկատելով, որ այն 95-ամյակի շրջանակներում բուհին լավագույն նվերն էր.«Երբ մեր արտասահմանյան գործընկերները հետաքրքրվում են բուհում, երկրում կատարվող գիտական ուսումնասիրություններով, նրանց հատկապես գրավում է այն, որ շախմատը ՀՀ-ում հանրակրթական դպրոցական ծրագրի մաս է կազմում, իսկ արդեն 2 տարի Մանկավարժականում գործում է նաև շախմատի լաբորատորիա»:
Բուհի հիմնադրման 95-ամյակի առթիվ կազմակերպված ձեռնարկին ներկա ՖԻԴԵ-ի նախագահ, ՀՊՄՀ-ի պատվավոր դոկտոր Կիրսան Իլյումժինովը մեծ պատիվ համարեց իր մասնակցությունը, իսկ «Շախմատ» գիտահետազոտական նորաբաց ինստիտուտի հիմնադրումն իր ղեկավարած կառույցի և բազմամիլիոնանոց շախմատասերների անունից պատմական օր դիտարկեց:
ՖԻԴԵ-ի նախագահը ևս մեկ անգամ հիշեցրեց իրենց կարգախոսը՝ երկրագնդում 2020 թվականին ունենալ 1 մլրդ շախմատիստ, 1 մլրդ խելացի մարդ. դրա համար իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնցից առանձնահատուկ է «Շախմատը դպրոցում»-ը, իսկ այսօր նաև բուհի նորաբաց ինստիտուտի գործունեությունը. «ՀՀ Շախմատի ֆեդերացիայի, ակադեմիայի և հայկական շախմատի դպրոցն այս հնամյա սպորտաձևը հանրահռչակում են ողջ աշխարհում: Շախմատն ինովացիոն ձև է, իսկ 21-րդ դարում ոչ միայն բնական ռեսուրսներն են նպաստում հասարակության և տնտեսության զարգացմանը, այլև այս սպորտաձևը: Հայաստանը, ի տարբերություն այլ երկների, գուցե օժտված չէ բնական ռեսուրսներով, սակայն այն ունի ազգային, ինտելեկտուալ հսկայական պոտենցիալ. շախմատի ոլորտում դուք մրցակիցներ չունեք»:
«Շախմատ» գիտահետազոտական նորաբաց ինստիտուտում Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը, չխախտելով արդեն ձևավորված ավանդույթը, կրկին շախմատ խաղացին: Երեք րոպե տևողությամբ բլից պարտիան ավարտվեց ոչ-ոքի:
ԶԼՄ-ների անդրադարձը Մանկավարժական համալսարանի «Շախմատ» գիտահետազոտական նորաբաց ինստիտուտի բացմանը
Տեսանյութերը ստորև՝ Օրակարգ, Ժամը, Ազդարար, Երկիրն այսօր