ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հիմնական դպրոցի սաները՝ մաշտոցյան գրերի խորհրդավոր աշխարհում
15.10.2021
Հիմնական դպրոցի սաները՝ մաշտոցյան գրերի խորհրդավոր աշխարհում

«Այսօր օր է՝ սովորական, բայց անսովոր, այսօր դաս է՝ սովորական, բայց անսովոր». Մանկավարժական համալսարանի թիվ 57 հիմնական դպրոցի 1-ին դասարանցիների համար օրն իսկական տոն էր:

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում խաղ-ճանապարհորդության ընթացքում նրանք ուղևորվեցին անծանոթ տառերի երկիր՝ բացահայտելու տառերի խորհրդավոր աշխարհը, անցնելու գիտելիքների լուսավոր ճամփով և գտնելու մաշտոցյան գրերի բանալին:

Աշակերտներն ուրախությամբ նկատեցին՝ նկարներով դաս անելու փոխարեն, այսուհետ իրենց կհյուրընկալվեն բազում տառեր, որոնցով կկարդան, կգրեն ու գիտության դուռը կբացեն:

«Երեխաներ, եկեք գուշակենք, թե ինչ կարող է լինել կախարդական գաղտնարանում: «Ա» տառի հանդեսն ենք նշում, և մենք գտանք այն բանալին, որով պետք է բացենք կախարդական գաղտնարանի դուռը: Այն մեզ կտանի գիտելիքների լուսավոր ճամփով»,-իրենց ելույթում նշեցին 1ա դասարանի աշակերտներն ու նկատեցին՝ հայերեն այբուբենը ստեղծվել է Աստծո կամքով և կախարդական զորություն ունի:

Աշակերտներին և ծնողներին շնորհավորեց դպրոցի տնօրեն Նաիրա Տողանյանը՝ միջոցառումը համարելով նրանց կյանքի կարևորագույն իրադարձություններից մեկը, իսկ դասվար Կարինե Չիբուխչյանը նկատեց՝ օրն անջնջելի տպավորություն կթողնի իր սաների հոգիներում և կհիշվի ողջ կյանքում:

«Ա» տառի հանդեսը մեծ իրադարձություն էր նաև 1բ դասարանի աշակերտների համար. իրենց ելույթներում նրանք սեր խոստովանեցին հայոց գրերի հանդեպ ու վստահեցրին՝ տառերն իրենց տունն են, նրանք՝ զինվորներն ու տերն իրենց լեզվի. «Ձեզնով գրենք, ձեզնով կարդանք, սիրենք լեզուն մեր հայկական, Մեծ Մաշտոցին լինենք արժան, լինենք որդի պատվական»:

«Մեծ հպարտությամբ այսօր բացեցինք Հայոց Այբուբենի շքերթը ու մեր հնչեղ ձայներով տոնեցինք «Ա» տառի հանդեսը: Այսուհետ մենք պիտի կարդանք ու գրենք, ապրենք ու պայքարենք, սիրենք ու հաղթենք մեր ոսկեղենիկ հայերենով: Ինչպես 1բ դասարանի աշակերտների համար էր այս օրը առաջին տոնական ելույթը, այնպես էլ ինձ համար թիվ 57 հիմնական դպրոցում այս օրն առաջին կարևոր և տոնական օրը դարձավ: Շնորհակալ եմ դպրոցի տնօրինությանը և 1բ դասարանին ինձ գրկաբաց ընդունելու և ամեն հարցում աջակցելու համար»,-նշեց դասվար Անի Սողոմոնյանը, ով Հայաստան է եկել  Արցախից և միայն այս ուսումնական տարում միացել դպրոցի աշխատակազմին: