ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Հիշատակ»․միջոցառումների շարք ՀՊՄՀ-ում
25.04.2022
«Հիշատակ»․միջոցառումների շարք ՀՊՄՀ-ում

Մանկավարժական համալսարանի 100-ամյա հոբելյանի առթիվ և Հուշարձանների միջազգային օրվա առթիվ բուհի Թանգարանի նախաձեռնությամբ անցկացվեց «Հիշատակ» խորագրով միջոցառումների շարք։

«Պատմական Հայաստանի ողջ տարածքով սփռված պատմամշակութային հուշարձանները հայ քրիստոնյաների ներկայության վկաներն են։ ՌԴ կրթության ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լեմս Ներսիսյանի՝ «Քրիստոնյա Հայաստանս» խորագիրը կրող գեղանկարչական աշխատանքների ցուցադրությունն ընդգրկում է մեր ժողովրդի նյութական և հոգևոր ժառանգության գեղարվեստական կողմը»,- բացման խոսքում նշեց Թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանը։

Ցուցադրությանը ներկայացված էր գեղանկարչի շուրջ 60 աշխատանք․ հայկական եկեղեցիներ, վանքեր, սրբապատկերներ՝ աստվածաշնչյան մտքերով։

ՀՊՄՀ ռեկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը նկատում է՝ Լեմս Ներսիսյանի ցուցադրությունը գերկարևոր արժեբանական նշանակություն ունի։ Գեղանկարները մեր ակունքներին, ազգային ինքության որոշակի աղբյուրագիտությանն անդրադառնալու լավ հնարավորություն է։

Պրոֆեսորի դիտարկմամբ՝ ներկայացված աշխատանքները քրիստոնեության և հոգևոր պատմության, հայի տեսակի, նրա անցած ճանապարհի մասին են․ «Ժամանակակից աշխարհում հայի համար վճռորոշ նշանակություն է ձեռք բերում ազգային ինքնության պահպանման խնդիրը։ Ի վերջո, գլոբալիզացիան մշակութային միաբանության տարածք է, որը բոլորինն է և ոչ մեկինը»։

Գեղանկարիչ Լեմս Ներսիսյանը ցուցադրությունն առանձնահատուկ է համարում․ գեղարվեստականությունից բացի, այն նաև տեղեկատվական հարթակ է՝ ինչպես հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության, այլնպես էլ այն ոչնչացնելու փորձի մասին։

ՀՊՄՀ Գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը նկատում է՝ Լեմս Ներսիսյանի աշխատանքներում Հայաստանը հնարավոր է տեսնել ամբողջական՝ հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք։

Եկեղեցիները, բնության պատկերները ներկաներին տեղափոխում են այն միջավայր, որը խորհրդանշում է մեր ազգի ինքնությունն ու լինելիությունը։

«Լեմս Ներսիսյան արվեստագետն ունի գեղեցիկը ներկայացնելու բացառիկ շնորհ․նրա կտավներում հուշաձանները ձուլվում են հայոց բնությանը, լեռներին։ Դրանք գեղեցիկ են և ներդաշնակ»,- նկատում է Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր Համլետ Միքայելյանն ու հավելում՝ Լեմս Ներսիսյանը բացառիկ երևույթ է Մանկավարժականում, ում աշխատանքներում, ինչպես և նրա հոգում՝ գեղեցիկն է։

Համլետ Միքայելյանը վստահ է՝ ժողովրդին ապրեցնողը մշակույթն է, իսկ հայն այն քիչ ազգերից է, որ ունի մշակութային հարուստ ժառանգություն։

«Հիշատակ» խորագրով միջոցառումների շարքը շարունակվեց թանգարանում՝ «Հայաստանի միջնադարյան հուշարձանները» վիրտուալ ցուցադրությամբ։ Այն իրականացվում էր ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ:

«Հուշարձանների պահպանության օրն ամբողջ աշխարհն է նշում․ այսօր Հայաստանի պետական ցուցակներում ներկայացված է մոտ 25 հազար հուշարձան, որը դեռ ամբողջական ցանկը չէ։ Հայաստանում թվագրվում են հնագույն հուշարձաններ, որ 2 մլն տարվա հնության են»,-նշեց Պատմության և հասարակագիության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանն օրվա առթիվ կազմակերպված իր լեկտորիումում։

Վերջինս նկատում է՝ հուշարձանները պահպանության, վերաբերմունքի, վերամշակման, ամրակայման, հնարավորության դեպքում՝ վերականգման պահանջ ունեն։ Պետք է նվիրյալ-մասնագետների երիտասարդ սերունդ, որը տեր կկանգնի հայ ժողովրդի պատմամշակութային հարուստ ժառանգությանը։

Ի դեպ, ցուցադրվեց նաև Աշոտ Մովսեսյանի և Սպարտակ Ղարաբաղցյանի «Վանդալիզմ» ֆիլմը, որում հեղինակներն անդրադարձել են հայկական մշակութային արժեքներին և թուրքերի կողմից դրանց վերացմանը:

«Հիշատակ» խորագիրը կրող միջոցառումների շարքն ամփոփեց Հայոց ցեղասպանության կապակցությամբ թողարկված նամականիշերի ցուցադրությամբ։ Դրանք Կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս, դոցենտ Աշոտ Բաբախանյանի անձնական հավաքածուից էին։