Օրերս Եվրասիա Հայաստան բարեգործական հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր հիշատակի միջոցառում՝ նվիրված հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերից մեկին՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը։ Այդ առթիվ դասախոսությամբ հանդես եկավ ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ Մարիամ Եղյանը։
«Հիշողություն, որը չի կարող ջնջվել. Հայոց ցեղասպանությունը համաշխարհային պատմության համատեքստում» թեմայի շրջանակներում բանախոսը համեմատություն անցկացրեց հայերի դեմ կատարված ոճրագործության և հրեաների հոլոքոստի միջև՝ ընդգծելով՝ պատմության կրկնությունը կանխելու համար կարևոր է հիշել այդ պատմությունը։
Բանախոսն իր ելույթում նշեց՝ դրանք մարդկության ողբերգություններն են, որ սովորեցնում են գնահատել կյանքն ու խաղաղությունը, իսկ մեր պարտքն է դրանք պահել մեր հիշողությունում։
Դասախոսությանը մասնակցում էին տարբեր բուհերի ուսանողներ, որոնց հնարավորություն տրվեց ավելի խորը պատկերացում կազմել պատմական իրադարձությունների մասին, վերլուծել ողբերգությունն ու այն դիտարկել ոչ միայն որպես ազգային ցավ, այլ համաշխարհային պատմության մի մաս, որը կարևոր է հիշել:
Ինչպես նկատեցին մասնակիցները՝ դասախոսությունն ավելին էր, քան պարզապես գիտելիքի փոխանցում. այն խոսակցություն էր հիշողության, ինքնության և արդարության մասին: Այն ևս մեկ քայլ էր ՝ գիտակից և պատասխանատու երիտասարդություն ձևավորելու ուղղությամբ, ովքեր խնամքով կպահպանեն և կփոխանցեն իրենց ժողովրդի հիշատակը գալիք սերունդներին։