ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Հիշում ենք և պահանջում»․ հյուրախաղեր Դոնի Ռոստովում
29.04.2025
«Հիշում ենք և պահանջում»․ հյուրախաղեր Դոնի Ռոստովում

Ապրիլի 22-25-ը ՀՊՄՀ-ի ռեժիսուրայի բաժնի ուսանողներից կազմված դերասանական թատերախումբը Ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր Աիդա Հովհաննիսյանի ղեկավարությամբ Դոնի Ռոստով քաղաքում էր։

Աբովյանականները հյուրընկալվել էին Դոնի Ռոստովի տարածաշրջանային «Դոնի Նախիջևանի հայկական համայնք» հասարակական կազմակերպության հրավերով։

Ապրիլի 24-ին Երիտասարդական ակադեմիական թատրոնում ներկայացվեց «Հիշում ենք և պահանջում» բանաստեղծական պիեսի բեմադրությունը․ ներկայացումն անդրադարձ էր պատմության ամենաողբերգական էջերից մեկին՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը։ Այն կոշտ հիշեցնում էր՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն անպատիժ մնաց․ այսօր՝ մեկ դար անց, մենք տեսնում ենք դրա արձագանքներն Արցախում և աշխարհի այլ ծայրերում։

Նվազագույն դեկորացիաներ, բայց առավելագույնի հասնող զգացմունքներ՝ լույս, բառեր, սիմվոլներ։ Ռեժիսոր Աիդա Հովհաննիսյանի բեմադրությունում հայերենը հնչում է որպես ընդհանուր ցավի լեզու։ Բեմում 1915 թվականի տեսարաններ և ժամանակակից պատմություններ՝ գաղթ Արցախից, ցեղասպանություններ Ռուանդայում, Կամբոջայում և․․․։ Սրանք պատահական զուգահեռներ չեն, այլ նախազգուշացում՝ մինչ աշխարհը լռում է, ողբերգությունը կրկնվում է։

Ինչպես նկատում է բանաստեղծ Անահիտ Վարդանանցը, ում ստեղծագործությունների հիման վրա բեմադրվել էր ներկայացումը, հայ և ռուս հանդիսատեսին ներկայացվեց Մեծ Եղեռնի 110-րդ տարելիցին նվիրված համահավաք թատերական մի պատում, որ բանաստեղծության հոգեսփոփ լեզվով արձագանքն էր վերապրած հայ մարդու տառապած հոգու ճիչին` Կոմիտաս վարդապետի կերպարով․«Եղեռնազարկ սերնդի ապրումները վերարտադրող դրվագների միջոցով թարմացվեցին մեր ժողովրդի տխուր, բայց երբեք հանգիստ չտվող հիշողությունները»։

«Հիշում ենք և պահանջում» ներկայացման գլխավոր դերակատարը, որ միաժամանակ մարմնավորեց մի քանի կերպար՝ Կոմիտաս, Հիսուսի Քրիստոս, Քվազիմոդո, կոչ արեց՝ գնացեք, բարու դռները բացեք։

Ներկայացման ընթացքում անդրադարձ եղավ նաև մարդկային կյանքի հոռի բարքերին, փողի ու արյան ծարավի մարդկանց և նրանց միջև մշտապես գոյություն ունեցող կեղծ հարաբերություններին, հասարակության դաժան օրենքներին, անտարբերությանը։

Բուռն ծափողջույններ, նոր հրավերներ․ աբովյանականները արձագանքից են հասկացել՝ պատվով են հաղթահարել իրենց առջև դրված խնդիրն ու կարողացել են հանդիսատեսին ներկայացնել հայի չհանձնվող տեսակը, հարություն առնող անկոտրում ոգին, հայ մարդու ներաշխարհն իր ողջ գեղեցկությամբ:

Ի դեպ, այցի շրջանակներում աբովյանականներին ընդունեց նաև Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Լևոն Մինասյանը, Դոնի Նախիջևանի հայ համայնքի նախագահ Հարություն Սուրմալյանը։ Այցելություն եղավ նաև Շահումյան համայնք, ինչպես նաև Դոնի Ռոստովի Սուրբ Հարություն եկեղեցու քահանա Տեր Տիրանի առաջնորդությամբ գործող Հայորդաց տուն, որտեղ ուսանողները հանդես եկան «Բարև,մենք ենք» ներկայացմամբ։ Հայորդաց տան սաները ևս ներկայացրին իրենց արվեստը՝ հայկական ազգային պարեր։

Նշենք, որ հյուրախաղերի ավարտին Դոնի Նախիջևանի հայ համայնքի փոխնախագահ Սերգեյ Սայադովը ՀՊՄՀ պրոֆեսոր Աիդա Հովհաննիսյանին հանձնեց «Մարտիրոս Սարյան» հուշամեդալ։