ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հոբելյանական ցուցահանդես ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանում
19.12.2024
Հոբելյանական ցուցահանդես ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանում

ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանի (ավագ դպրոց) հիմնադրման 30-ամյակը նշանավորվեց բազմաբնույթ միջոցառումներով։ Այսօր մշակութային իրադարձություն էր․ մեծամասշտաբ ցուցադրության էին ներկայացված կրթական կառույցի նկարչական հոսքի աշակերտների և շրջանավարտների 150 աշխատանք։

Գեղանկար, գրաֆիկա, դեկորատիվ-կիրառական արվեստի այլ նմուշներ․ ներկայացված էին տեխնիկապես և նյութապես տարբեր, ինչպես լսարանային, ակադեմիկան մոտեցմամբ, այնպես էլ ստեղծագործական աշխատանքներ։

Ցուցահանդեսին ներկա ՀՊՄՀ ղեկավար և Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դասախոսական կազմը բարձր գնահատեց աշակերտական համայնքի և արվեստի ոլորտում արդեն իրենց հաստատուն քայլերը կատարած ստեղծագործողների երևակայությունը, կատարողականությունը, վարպետությունը, թեմատիկ ընտրությունը։

Ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, որ հասցրել է դիտել ցուցահանդեսը, խոստովանում է՝ տպավորված է երիտասարդ սերնդի գեղագիտական ճաշակով, օբյեկտիվ իրականության արտացոլման նրանց հնարավորություններով և այն շքեղ հոգեբական ռեսուրսով, որ արտահայտված էր կերպարվեստի գործերում։

Պրոֆեսոր Գևորգյանը նկատեց՝ թեև չի կարող մասնագիտական գնահատական տալ, սակայն ակնհայտ է՝ ներկայացված աշխատանքները ոչնչով չեն զիջում արդեն կայացած մասնագետների գործերին․«Պրոֆեսիոնալ ձեռագիր, դասականի ընկալման, գույների պատկերման, երկխոսելու կարողության, մտահղացման, ստեղծագործական երևակայության բարձրագույն աստիճան և կոնկրետ ապրումային իրավիճակներ, որոնք առկա էին բազմաոճ աշխատանքներում։ Դրանք վկայում են՝ մանկավարժական տիրույթում գործող այն չափանիշները, որոնցով պայմանավորված է մեր շրջապատող աշխարհի գեղագիտական ընկալումը, հայրենիքի, իրական արժեքների և իրականության առանձնահատկությունները, ամենագեղեցիկ ձևով, գունազարդմամբ, վեհորեն պատկերված էին աշակերտների ստեղծագործություններում»։

Ռեկտորն առաջարկեց ընդլայնել ցուցադրությունը և այն վայելելու հնարավորություն տալ նաև բուհի համակազմին։ Նա շնորհակալություն հայտնեց դպրոցի տնօրենությանը բուհի հետ համագործակցելու, կրթական գործընթացները մեկտեղելու և ծրագրային փոփոխությունները համատեղ կյանքի կոչելու համար, իսկ աշակերտներին՝ ջերմ ու հրաշալի պահեր պարգևելու համար։

Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանը ցուցահանդեսը գեղեցիկ և գունեղ համարեց․նման քանակի և որակի գործեր չէր ակնկալում տեսնել։

Պրոֆեսոր Հակոբյանը հիշեցրեց՝ նախորդ դարաշրջանում դեռևս մեր վարժարանները մշտապես պատված են եղել գեղարվեստական արժեքներով։ Կարծում է, որ այսօր էլ, անկախ ժամանակների փոփոխություններից, մեր աշակերտներն իրենց աչքերը բացելով պետք է տեսնեն գեղեցիկը, շրջապատված լինեն գեղեցիկը տեսնելու արվեստով։

Արա Հակոբյանը չափազանցություն չհամարեց՝ վարժարանի նկարչության ուսուցիչներն ապահովում են ոչ միայն կառույցի գեղարվեստական ներկայությունը, այլև ողջ հանդիսավոր տեսքը։ Ուրախ կլինի տաղանդավոր աշակերտներին տեսնել իրենց ֆակուլտետում՝ որպես ուսանող, իսկ օրինակելի ցուցադրությունը տեսնելու համար դպրոց կայցելեն նաև ապագա ուսուցիչները։

ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանի նկարչության ուսուցիչ, ՀՊՄՀ շրջանավարտ Նաիրի Բալաբեկյանը նշեց՝ երկար են պատրաստվել հաշվետու ցուցադրությանը․պատասխանատու և հուզիչ պահ է, որ համախմբել է ներկա և նախկին վարժարանցիներին, նաև բոլոր նրանց, ովքեր ինչ-որ թելով կապված են կառույցին։

Նա վստահեցրեց՝ սրտացավ և մեծ նվիրումով կատարել են աշխատանքը․ ներկայացված 105 գործերից 30-ը շրջանավարտներինն է, մնացած 75-ը հեղինակել են 10-12-րդ դասարանների աշակերտները։

Նաիրի Բալաբեկյանը բարձր գնահատեց նախկին տնօրեն, ՀՊՄՀ Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանի մեծ ավանդը կրթական կառույցի սկզբնավորման և ամուր հիմքեր դնելու գործում․ համախմբված կոլեկտիվն այսօր էլ մեծ ոգևորությամբ իրագործում է տարբեր մտահղացումներ։

Նա պարտավորեցնող համարեց ներկայացուցչական կազմի ներկայությունը ցուցահանդեսին և նշեց՝ աշխատանքների վերաբերյալ պատրաստ են լսել նաև մասնագիտական կարծիքներ, ուղղորդումներ։

Նաիրի Բալաբեկյանը հույս հայտնեց, որ շնորհալի երիտասարդներն ապագայում ընտրելով արվեստի կամ մանկավարժության ոլորտը՝ երկու դեպքում էլ մեծ հաջողություններ կգրանցեն։