ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հոբելյանական համերգ՝ նվիրված խմբավար Վաչագան Նավասարդյանին
14.11.2024
Հոբելյանական համերգ՝ նվիրված խմբավար Վաչագան Նավասարդյանին

Մանկավարժական համալսարանում կայացավ Սկզբնական կրթության ֆակուլտետի երգչախբի համերգը։ Այն նվիրված էր Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի պրոֆեսոր, խմբավար Վաչագան Նավասարդյանի հոբելյանին։

Համերգի ընթացքում հնչեցին Առնո Բաբաջանյանի, Խաչատուր Ավետիսյանի, Կոմիտասի, Ալեքսեյ Հեքիմյանի հեղինակած, սիրված ու հայտնի ստեղծագործությունները։

Վաչագան Նավասարդյանն ավելի քան չորս տասնամյակ իր աշխատանքային գործունեությունն է ծավալում Սկզբնական կրթության ֆակուլտետում։ Ինչպես նկատում են ֆակուլտետում՝ այս ժամանակահատվածը արվեստագետ-մանկավարժի համար եղել է անմնացորդ նվիրումի և բարեխիղճ աշխատանքի, արարման տարիներ։ Նա տասնամյակներ շարունակ ղեկավարելով ֆակուլտետի ուսանողական երգչախումբը՝ եռանդ չի խնայել ուսանողների գեղագիտական ճաշակի ձևավորման, երաժշտական կրթության որակի բարձրացման համար։

«Երաժշտությունն առանց խոսքի ասում է ամեն ինչ․ սա ոչ միայն մեր երգչախմբի համերգային ներկայացումն էր, այլև մաեստրոյի կյանքի անցած ուղու ներկայացումը՝ բուհի ներսում։ Տարբեր առիթներով Վաչագան Նավասարդյանի գործունեությունը գնահատվել է․ այսօր մենք մեկ անգամ ևս ըմբոշխնեցինք նրա նվիրման և պրոֆեսիոնալիզմի արդյունքը»,-շնորհավորելով հոբելյանի առթիվ՝ նշեց ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը։

Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի վարիչ Արմենուհի Մանուկյանն էլ մեծ պատիվ համրեց աշխատել մի մարդու հետ, որն ունի անցած ճանապարհ և իր ներդրումն է ունեցել Հայաստանի երգչախմբային գործունեության և երաժշտամանկավարժական ոլորտում։ Նա ամբիոնի ողջ համակազմի անունից շնորհավորեց և Վաչագան Նավասարդյանին նվիրեց շարականների ընտրանի՝ ցանկանալով անսպառ ձայն, եռանդ և անվերջ առողջություն։

Ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, որ ներկա էր հոբելանական միջոցառմանը, նշեց՝ պատիվ է ունեցել ուսանել մաեստրոյին։ Ռեկտորը տարիների հեռվից և մեծ ջերմությամբ հիշեց Վաչագան Նավասարդյանի դասավանդման տարիները, ծրագրային այն յուրահատուկ մոտեցումը, որով մշտապես առանձնացել և այսօր էլ շարունակում է իր գործունեությունը ծավալել նախադպրոցական մանկավարժության ոլորտում մեծ դերակատարում ունեցած մանկավարժը։