ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հոբելյանական նամականիշ՝ նվիրված ՀՊՄՀ-ի 100-ամյակին
20.06.2022
Հոբելյանական նամականիշ՝ նվիրված ՀՊՄՀ-ի 100-ամյակին

Շրջանառության մեջ դրվեց Մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված նամականիշ։

Կարևորելով կրթության և գիտության դերը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «ՀայՓոստ»-ի հետ համատեղ նախաձեռնել է «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-ամյակ» թեմային նվիրված նամականիշի թողարկման գործընթացը։

Նամականիշի մարումն իրականացրին ԿԳՄՍՆ փոխնախարար Կարեն Թռչունյանը, ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, «ՀայՓոստ» ընկերության կոմերցիոն տնօրեն Ցոլակ Հովհաննիսյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության փոստի բաժնի ղեկավար Ծովինար Գալստյանն ու ՀՀ Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը։

Նամականիշը, որի դիզայները Ռեմ Սահակյանն է, տպագրվել է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը՝ 20․000 տպաքանակով և 590 դրամ անվանական արժեքով։

Նամականիշի վրա պատկերված է բուհի շենքը, «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-ամյակ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով, ինչպես նաև հիմնադրմանը նվիրված լոգոտիպը։

«Այսօրը խորհրդանշական է․ Մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-ամյա հոբելյանի առթիվ թողարկվել է նամականիշ։ Բուհ, որը հանրապետությունում ուսուցիչներ պատրաստող հիմնական դարբնոցն է, և մեկդարյա պատմության մեջ իր ուրույն տեղն ունի երկրի գիտակրթական կյանքի զարգացման գործում»,-ՀՊՄՀ-ում կայացած մարման հանդիսավոր արարողությանը նշեց ԿԳՄՍՆ փոխնախարար Կարեն Թռչունյանը՝ ընդգծելով բուհի պրոֆեսորադասախոսական կազմի կարևոր դերը երկրի բուհական համակարգի բարեփոխումներում։

Փոխնախարարը կարևորեց բուհի կյանքում նորագույն տեխնոլոգիանների զարգացումը և հույս հայտնեց, որ հաջորդ 100-ամյակում ձեռքբերումները կներկայացվեն թվային մեթոդներով։

ՀՊՄՀ-ի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, կարևորելով բուհի 100-ամյա տարեգրությանը նվիրված ձեռնարկը, նկատում է՝ օրվա խորհուրդը մեկտեղում է հազարավոր հույսեր, ձեռքբերումներ, գիտակրթական ներդրում և առաջընթաց, որով պայմանավորված է մեր երկրում մանկավարժական և ուսուցչական ոլորտի այն որակական փոփոխությունները, որն այսօր էլ շարունակում է Մանկավարժական համալսարանը։

Պրոֆեսոր Գևորգյանը հույս հայտնեց, որ բուհի հոբելյանին նվիրված հերթական միջոցառումը կօգնի ներկաներին իրենց ստեղծագործական երևակայության սահմաններում ուրվագծել այն մտապատկերը, որը կապված է բուհի մասնագիտական ձեռքբերումների և դրանց իրականացման հետ։ Իսկ բուհի՝ «Սովորեցնում ենք սովորեցնել ․․․ու արդեն 100 տարի» կարգախոսը կնպաստի շարունակական ձեռքբերումներումներին։

ՀՊՄՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին բուհի 100-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորեց նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության փոստի բաժնի ղեկավար Ծովինար Գալստյանը։

Վերջինս նկատում է՝ մեկդարյա պատմություն ունեցող կրթօջախն այսօր էլ կրթում է քաղաքացիների, գիտնականների, մասնագետների սերունդներ, որոնց դերն անուրանալի է՝ երկրի կրթության, գիտության, մշակույթի և տարբեր ոլորտների առաջընթացում։

Ծովինար Գալստյանը ընդգծում է՝ նամականիշը պատմության, աշխարհագրության, գիտության, տեխնիկայի, գիտելիքների յուրօրինակ աղբյուր է, որը հատելով ժամանակի և տարածության սահմանները, դառնում է մարդկանց հոգևոր և մշակութային շփման միջոց․«Նամականիշի մարման հանդիսավոր արարողությունը բուհի 100-ամյակին նվիրված փոքրիկ, բայց նշանակալի սկիզբ է»։

«ՀայՓոստ» ընկերության կոմերցիոն տնօրեն Ցոլակ Հովհաննիսյանն էլ հավելում է՝ Մանկավարժական համալսարանն ունի մեկդարյա հարուստ պատմություն և ավանդույթներ․շրջանառության մեջ դրված նամականիշի շնորհիվ այդ մասին կիմանա ամբողջ աշխարհը։

ՀՀ Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, խոսելով հոբելյանական մարման ենթակա նամականիշների նշանակության մասին, նկատում է՝ անկախ դարաշրջանից, նամականիշը ցանկացած երկրի չորս խորհրդանիշներից մեկն է։ Նամականիշներում է զետեղված տվյալ երկրի մասին կարևորագույն տեղեկատվությունը և դրանցով կարելի է կարծիք կազմել նաև ազգային ինքնության մասին։

«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը խոստովանում է՝ դաստիարակվել, կրթվել ու կայացել է մանկավարժների ընտանիքում։ Նկատում է՝ չկա ավելի կարևոր բան, քան երկրում մանկավարժության դերի բարձրացումը, եթե, իհարկե, ցանկություն կա երկիր կառուցել և թռիչքային զարգացումներ ունենալ։ Հովիկ Մուսայելյանն այդ առումով կարևորեց նաև «Ինֆորմատիկա» կրթական առարկայի լրջագույն բարեփոխումը։

Մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված նամականիշի մարման հանդիսավոր արարողությունը եզրափակվեց բուհի պարային բաժնի ուսանողների համերգով։