Մանկավարժական համալսարանում անցկացվեց «Հոգեբանական հետազոտություններ» խորագրով ուսանողական 4-րդ գիտաժողովը, որին մասնակցում էին հայաստանյան այլ բուհերի ուսանողներ ևս։
Գիտաժողովի բացմանը ելույթ ունեցան Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Ռուզան Պետրոսյանը, ակադեմիկոս Մ․ Մազմանյանի անվան հոգեբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Լիլիթ Լաչինյանը։
Ռուզան Պետրոսյանը ողջունեց ավանդական դարձած ուսանողական գիտաժողովի բացման առթիվ և ընդգծեց՝ այն կաևոր քայլ է գիտություն տանող ճանապարհին, լավագույն հարթակը՝ ներկայացնելու ուսումնասիրությունները, որտեղ հետազոտական մտածողության զարգացման համար ստեղծվում են այնպիսի հնարավորություններ, որը թույլ է տալիս հետագայում դառնալ լավ մասնագետ։
Դեկանը հանգամանորեն ծանոթացել է ուսանողների աշխատանքներին․ասում է՝ կան լավ հետազոտություններ։ Նա հորդորեց նրանց գնալ դեպի գիտություն․նման հարթակները սովորեցնում են տեսությունից անցում կատարել դեպի պրակտիկա․«Հետազոտական աշխատանքը ստիպում է մտածել՝ ինչպես տեսականը կիրառել պրակտիկայում։ Գիտությամբ զբաղվելը հեշտ գործընթաց չէ»,-նշեց Ռուզան Պետրոսյանն ու ուսանողներին մաղթեց արդյունավետ քննարկումներ։
Հոգեբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Լիլիթ Լաչինյանը շնորհավորեց ուսանողներին և ընդգծեց տարեցտարի գիտաժողովի հանդեպ դրսևորած հետաքրքրությունն ու մասնակիցների ակտիվությունը։
Նա գիտաժողովը կարևորեց նաև մագիստրոսական երկու տարին ամփոփող ավարտական աշխատանքների ներկայացման տեսանկյունից․այն հնարավորություն կտա ուսանողներին ավելի վստահ մասնակցել ավարտական աշխատանքների պաշտպանությանը։
«Հոգեբանական հետազոտություններ» խորագրով ուսանողական 4-րդ գիտաժողովին ներկայացվեցին ուսանողների երկու տասնյակ զեկուցումներ։ Անդրադարձ եղավ էնդոկրին համակարգի խանգարումներ ունեցող երեխաների հուզական ոլորտին, անձի հոգեբանական առանձնահատկություններին՝ որպես ազարտային խաղերից կախվածության նախապայման, դեռահասների համակարգչային կախվածությանը և ընտանիքում փոխհարաբերությունների համահարաբերակցությանը, հուզական ինտելեկտի ազդեցությանը ավագ դպրոցականի հարմարման գործընթացում և այլն։
Գիտաժողովի ավարտին ուսանողներին տրվեցին հավաստագրեր։