ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Հոգեբանական պրոբլեմը հիվանդություն չէ»
22.04.2019
«Հոգեբանական պրոբլեմը հիվանդություն չէ»

«Խնդիրը ոչ միշտ է ունենում վատ նշանակություն. այն երբեմն կարող է առաջընթացի աղբյուր կամ զարգացման կարևոր նախապայման լինել»,-այսօր Մանկավարժական համալսարանում մեկնարկած «Հոգեբանական հիմնախնդիրներ. բնութագրերը, դասակարգման և ախտորոշման սկզբունքները» խորագրով միջազգային գիտաժողովի ժամանակ նշեց հայտնի հոգեբան, Մոսկվայի պետական համալսարանի Անձի հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր Դմիտրի Ա. Լեոնտևը:

Գիտաժողովի աշխատանքները ողջունեց և արդյունավետ աշխատանք մաղթեց Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը: Նա կարևորեց գիտական և հասարակական մեծ նշանակություն ունեցող թեմայի վերաբերյալ հեղինակավոր մասնագետների զեկույցներն ու քննարկումները: Ռեկտորը հույս հայտնեց, որ դրանք հնարավորություն կընձեռեն տարանջատել հոգեբանական խնդիրները, վերլուծել հանգամանքները և գտնել հոգեբանական պրոբլեմների, բնութագրերի և դրանց դասակարգման հնարավոր ուղիները:

Ռեկտորն առանձնակի կարևորեց հոգեբանության ոլորտի հայտնի ու ճանաչված գիտնականների մասնակցությունը գիտաժողովին և հույս հայտնեց, որ այն հնարավորություն կտա իրականացնել ինտեգրացիա մասնագետների միջև:

«Հոգեբանական պրոբլեմը հիվանդություն չէ, բայց եթե այդ պրոբլեմը չլուծվի, այն կդառնա հիվանդություն և մարդու կյանքում հետընթաց կլինի»,-նշեց ՀՊՄՀ-ի Կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սամվել Խուդոյանը: Նա կարևորեց պրոբլեմների դասակարգումը և այդ համատեքստում նաև ռազմավարության ու մեթոդների մշակումը: Պրոֆեսորի կարծիքով՝ գիտաժողովի անցկացման հիմնական նպատակներից մեկն էլ հոգեբանական պրոբլեմի դասակարգման համակարգ ստեղծելու անհրաժեշտությունը հիմնավորելն է:

ՌԴ-ի Անձի դրական հոգեբանության և մոտիվացիայի միջազգային լաբորատորիայի ղեկավար, Մոսկվայի պետական համալսարանի Անձի հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր Դմիտրի Լեոնտևն իր զեկույցում անդրադարձավ հոգեբանական պրոբլեմի բացահայտման տարբերակներին՝ խոսելով գոյություն ունեցող հիմնական սովորույթի մասին. «Եթե ինչ-որ բան այն չէ, ուրեմն պրոբլեմն առկա է, իսկ սխալ մոտեցումների դեպքում խնդիրները ոչ այնքան լուծվում են, որքան վերափոխվում այլ պրոբլեմների»: Խոսելով Կարլ Պոպերի՝ «Կյանքը պրոբլեմների որոշումն է» գրքում առաջ քաշված հարցադրումների մասին, Դմիտրի Ա. Լեոնտևը անդրադարձավ տարբեր ոլորտների հոգեբանական խնդիրների ուսումնասիրման արդյունքում պրոբլեմի դասակարգման 4 հիմնական դեպքերին, որոնց վրա էլ հենվում է իր պրակտիկ աշխատանքում:

ՌԴ Առողջության հոգեկան հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Դ. Մենդելեվիչն իր զեկույցում անդրադարձավ հոգեբանական երևույթ-հոգեախտաբանական ախտանիշ հարաբերակցությանը և խոսեց դրանց տարբերակման մասին՝ հանուն շտկման արդյունավետության:

Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է մշակել հոգեթերապևտիկ միջամտությունների ալգորիթմեր, որոնք կկիրառվեն տարատեսակ հոգեբանական երևույթների հետ աշխատելիս: Մենդելեվիչն այն համոզմանն է, որ պետք է առաջին հերթին ստեղծել հոգեբանական երևույթների բացատրական բառարան և մշակել դրանց տարբերակման ախտաբանական չափանիշների համակարգ: Վերջինս անդրադարձավ նաև գոյաբանական տագնապին՝ որպես հոգեբանա-հոգեբուժական խնդրի մոդելի, ապա խոսեց հոգեբանական ֆենոմենի, հոգեախտաբանական երևույթի, ինչպես նաև հոգեբանական օգնության առանձնահատկությունների մասին:

Մեծ Բրիտանիայի Բերգենի համալսարանի պրոֆեսոր Դեւիդ Ջ. Կուկն էլ անդրադարձավ անձի հոգեախտաբանական խանգարմանն ու իրավաբանական պրակտիկային՝ խոսելով հատկապես հիմնական խնդիրներ մասին:

Պլենար նիստից հետո միջազգային գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին մասնաճյուղերում, որտեղ քննարկվեցին հոգեբանական հիմնախնդիրների ախտորոշման ժամանակակից մոտեցումները, հեռանկարները, հոգեբանական ախտորոշման և դասակարգման մեթոդաբանական հարցեր, վերհանվեցին հոգեբանական խնդիրների լուծումներ, մակարդակներ, տեսակներ և մեթոդներ:

Եռօրյա միջազգային գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն նաև վաղը՝ ապրիլի 23-ին: