ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հոգեբանության հիմնախնդիրներին նվիրված պարբերականն՝ անգլերեն լեզվով
08.05.2020
Հոգեբանության հիմնախնդիրներին նվիրված պարբերականն՝ անգլերեն լեզվով

Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի նախաձեռնությամբ օրերս լույս է տեսել «Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներ» ամսագրի առաջին համարն անգլերերն լեզվով: Գիտական խմբագրակազմի որոշմամբ այն հրատարակվելու է տարին երկու անգամ:

«Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներ» գիտական հանդեսը միտված է նպաստելու Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն մանկավարժահոգեբանական կրթական ոլորտի զարգացմանն ու առաջընթացին: Պարբերականում զետեղված են գիտատեսական և գիտամեթոդական բնույթի հոդվածներ, որոնք օժանդակելու են մանկավարժության և հոգեբանության բնագավառների առջև ծառացած խնդիրների լուծմանը, կրթության կառավարման հիմնախնդիրների լուսաբանմանը, համաշխարհային փորձի ուսումնասիրմանը և միջազգային կրթական գործընթացների առաջադրած դրույթների համակարգված և միասնական ներդրմանը:

Ամսագրի խմբագրակազմում են հոգեբանության, փիլիսոփայության և տնտեսագիտության ոլորտի ճանաչված գիտնականներ ԱՄՆ-ից, Միացյալ Թագավորությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից, այդ թվում՝, տնտեսագիտության դոկտոր Տիգրան Սարգսյանը /խմբագրական խորհրդի նախագահ/, ՀՊՄՀ ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը /խմբագրական կոլեգիայի նախագահ/, ՀՊՄՀ պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Սրբուհի Գևորգյանը /գլխավոր խմբագիր/, Չիկագոյի Իլինոյսի համալսարանի Կրթական հոգեբանության ֆակուլտետի պրոֆեսոր Արթին Գոնչուն (ԱՄՆ), Հոգեբանության և իրավունքի եվրոպական ասոցիացիայի նախկին նախագահ, Բերգենի համալսարանի պրոֆեսոր Դեյվիդ Ջ. Կուկը, (Միացյալ Թագավորության), Դ. Ն. Ուզնաձեի անվան հոգեբանության ինստիտուտի տնօրեն, խմբագրակազմի գլխավոր թղթակից Իրակլի Իմեդաձեն, Հարավային դաշնային համալսարանի Սոցիալական հոգեբանության ամբիոնի վարիչ Վերա Լաբունսկայան (ՌԴ), ԱՀՀ ՏԲԴ անձի դրական հոգեբանության և մոտիվացիայի միջազգային լաբորատորիայի ղեկավար, Մոսկվայի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետի անձի հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր Դմիտրի Ա. Լեոնտևը (ՌԴ), Առողջության հոգեկան հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Մենդելևիչը (ՌԴ), Յարոսլավլի պետական մանկավարժական համալսարանի ընդհանուր սոցիալական հոգեբանության ամբիոնի վարիչ, (ՌԴ) Վլադիմիր Ա. Մազիլովը և ուրիշներ:

Առաջին համարում հրապարակվել է ՀՊՄՀ ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Միրզախանյանի ներածական խոսքը և կլինիկական հոգեբանության, հոգեբանական մեթոդաբանության, տարիքային և զարգացման հոգեբանության, ինչպես նաև մանկավարժության և նրա առանձին մեթոդիկաների հիմնախնդիրների վերաբերյալ 11 հոդված: Ոլորտին վերաբերող հետազոտական ուշագրավ վերլուծություններ են ներկայացրել հոգեվերլուծաբան Ասբետ Արյանը /Արգենտինա/, Բերգենի համալսարանի պրոֆեսոր Դավիդ Ջ. Կուկը, Յարոսլավլի Կ.Դ.Ուշինսկու անվան ՊՄՀ-ի ընդհանուր և սոցիալական հոգեբանության ամբիոնի վարիչ Վլադիմիր Մազիլովը, դոկտոր Նիկոլայ Վերեսովը (Մոնաշի համալսարանի կրթության ֆակուլտետ( Ավստրալիա):

Գիտական հանդեսը նախատեսված է մանկավարժների, հոգեբանների, բարձրագույն կրթության համակարգում աշխատողների և առհասարակ մանկավարժահոգեբանական գիտությունների զարգացմամբ շահագրգիռ յուրաքանչյուրի համար:

Ամսագիրը ներգրավված է միջազգային CROSSREF, Platform & workflou by OJS/PKP համակարգում:

«Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրները» ամսագրի առաջին համարի հետ կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ.

https://miopap.aspu.am/index.php/miopap/issue/view/17