ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Հովհ. Թումանյանի ստեղծագործությունը երկխոսություն է համայն աշխարհի հետ»
03.05.2019
«Հովհ. Թումանյանի ստեղծագործությունը երկխոսություն է համայն աշխարհի հետ»

«Թումանյանը մեկն է, Թումանյանը մեծ է, Թումանյանը բոլորիս մեջ է»,-ՀՊՄՀ-ի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ կազմակերպած «Թումանյան. անհունի ճամփով» խորագրով միջազգային գիտաժողովի բացման խոսքում նշեց Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը:

Արժևորելով մեծ բանաստեղծի ստեղծագործություններով տարբեր ժամանակներում գրված երաժշտական ստեղծագործությունները՝ ռեկտորն առանձնացրեց հատկապես օպերային բացառիկ նմուշները: Նա հույս հայտնեց, որ Կոնսերվատորիայի ուսանողները կշարունակեն ավանդույթները և երաժշտական նոր ստեղծագործություններով կանդրադառնան Հովհաննես Թումանյանի բանաստեղծական արվեստի եզակի էջերին:

ՀՀ ԱԺ պատգամավոր, Հովհաննես Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն Նարինե Թուխիկյանը շնորհակալություն հայտնեց նախաձեռնության համար և թումանյանասերներին տեղեկացրեց, որ պատրաստվում է թողարկել գրողի ստեղծագործությունների հիման վրա գրված ռոմանսների խտասալիկը:

Նարինե Թուխիկյանն ընդգծեց, որ Թումանյանի գործունեության բոլոր ոլորտներն էլ՝ գրական, թագմանչական, քաղաքական-հասարակական, հավասարապես կարևոր են և նրա գրականության մեջ պետք է գտնել գրողի ամբողջականությունը:

«Ինձ համար Թումանյանի առաքելությունը մարդկանց մարդկայնացման տանելու ճանապարհն էր, իսկ ամենամեծ ուժն իր ազատության մեջ էր: Մենք պետք է գնանք նրա հետևից դեպի Անհունը, դեպի Բարձրը»,-նշեց Նարինե Թուխիկյանն ու հորդորեց ճախրել Թումանյանի պես՝ միշտ դեպի վեր և ամուր կանգնելով մեր հողին:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ խոսեց պատմական, գեղարվեստական և քաղաքական այն ժամանակների մասին, երբ Հովհաննես Թումանյանի հայտնությունը մեծ երևույթ դարձավ: «Թումանյանը գրապատմության մեջ եզակի է՝ իր հավաքական կերպարով: Նա լայնացրեց լեզվի մեր ընկալումը, որը շարունակեց Վ. Տերյանը»,-նշեց Հայաստանի գրողների միության նախագահը:

Վերջինս խոսեց նաև Թումանյանի՝ ժողովրդից վերցրածը ժողովրդին վերադարձնելու, խոսակցական լեզուն պոեզիայի մեջ մտցնելու, նաև թումանյանական մանկագրության և թարգմանչական աշխատանքի մասին՝ կարևորելով դրանց դերը մանուկների դաստիարակության գործում. «Մենք պիտի ճանաչենք Թումանյանի բացած հունը՝ մեր ինքնության ձևավորման համար, շնորհակալ լինենք Թումանյանին, նրանով ճանաչենք մեզ»:

Հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանն էլ իր զեկույցում փաստեց՝ Հովհ. Թումանյանի ողջ ստեղծագործությունը երկխոսություն էր ոչ միայն սեփական ժողովրդի, այլև համայն աշխարհի հետ:

«Թումանյանն իր ապրած ժամանակաշրջանի ողբերգական հանգրվաններով ապրող իր ժողովրդի հետ էր, Թումանյանն իր ժողովրդի հետ է նաև այսօր: Արևելքի իմաստուն ծերունիների նման` նա կանգնած է ողջ հասակով: Մենք դեռ պիտի սովորենք բանաստեղծի բարձրությունից նայել Աստծո ստեղծած աշխարհին: Թումանյանի ողջ ստեղծագործությունը երկխոսություն է ժամանակի, մարդու և Աստծո հետ, ուր ինքը բանաստեղծ է ու իր տիեզերական հոգին»,-հավելեց պրոֆեսոր Դանիելյանը: Վերջինիս կարծիքով՝ «Անուշ»-ը համաժողովրդական սիրո պոեմ է, որ Թումանյանը կատարելության հասցրեց պոեմի ժանրը:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր Ծովինար Մովսիսյանն էլ իր զեկույցում Թումանյանին ներկայացրեց երաժշտության մեջ՝ անդրադառնալով նրա ստեղծագործություններով գրված երաժշտական գոհարներին,

Պրոռեկտորն անդրադարձավ նաև Թումանյանի «Ալմաստ» և երաժշտական այլ ստեղծագործություններին՝ վստահեցնելով՝ ուսումնասիրության նյութն անսպառ է:

Թումանյանի ստեղծագործություններով երաժշտական ստեղծագործություններին անդրադարձավ նաև Կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի դեկան Ռուբեն Ասատրյանը: Նա խոսեց «Անուշ» պոեմի հիման վրա գրված Արմեն Տիգրանյանի հանճարեղ օպերայի մասին՝ վստահեցնելով, որ եթե պոեմի մեղեդիական ողջ գանձատուփը ճշգրիտ չբացվեր, կստացվեր անճաշակ մի բան. «Այսօր ունենք ազգային մի հզոր ստեղծագործություն, որը համաշխարհային օպերայի, դասական արվեստի կատարյալ նմուշներից է»:

Թումանյանի պոեզիայի հատընտիր էջերից ներկայացրին ասմունքողներ Գարունա Երանոսյանն ու Նարեկ Մարգարյանը, իսկ ռեժիսոր Արսեն Ղազարյանի բեմադրությամբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի սաները ներկայացրին Կոմիտասի՝ «Անուշ» օպերայից մի հատվածի նկարագրությունը:

Նշենք, որ «Թումանյան. անհունի ճամփով» խորագրով միջազգային գիտաժողովը կշարունակվի նաև մայիսի 4-ին և 5-ին՝ գրողի տուն-թանգարանում (Դսեղում) և Թբիլիսիում: