ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Հովհաննես Բաղրամյանին բացահայտեցի նորովի». Միսաք Մելքոնյան
14.11.2017
«Հովհաննես Բաղրամյանին բացահայտեցի նորովի». Միսաք Մելքոնյան

«Ստեղծագործելու ընթացքում մարշալ Բաղրամյանին բացահայտեցի նորովի՝ նոր մարդու, անհատականության, տեսակի ու կերպարի, որն ունի նուրբ հոգի, զգացմունքային է, խորը ու նույնիսկ խոցելի. քանդակում ուզում էի նաև սա վերհանել»,-նշեց ՀՊՄՀ-ի Կերպարվեստի ամբիոնի դոցենտ Միսաք Մելքոնյանը, ում հեղինակած քանդակն օրեր առաջ տեղ գտավ Մոսկվայի «Հաղթանակի թանգարանում»:

Նոյեմբերի 10-ին Մեծ հայրենական պատերազմի կենտրոնական թանգարանում բացվեց Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի կիսանդրին, որը մեր երկրի նվերն է Ռուսաստանի Դաշնությանը՝ Խորհրդային Միության կրկնակի հերոսի 120-ամյակի կապակցությամբ։ Այն թանգարանին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Հանդիսավոր միջոցառումը տեղի է ունեցել Հաղթանակի թանգարանի կենտրոնական սրահում՝ խորհրդային հրամանատարների պանթեոնում, որը ոգեկոչում է Մեծ հայրենականի հերոսների սխրագործությունը։

Քանդակի հեղինակ Միսաք Մելքոնյանն aspu.am-ի հետ զրույցում խոստովանեց՝ մինչ քանդակը ստեղծելը, թվում էր, թե ճանաչում է Հովհաննես Բաղրամյանին, սակայն շատերը, այդ թվում և ինքը, ծանոթ են միայն նրա անցած ռազմական ուղուն:

«Իրականության մեջ Բաղրամյանի կերպարը շատ բազմաշերտ է: Նա մեր ազգի բացառիկ սիրելի զավակներից է: Ի սկզբանե գիտեի նպատակը. պատասխանատվությունն ավելի մեծ էր, որովհետև երկիր էր ներկայացվելու»,-նշեց Միսաք Մելքոնյանն ու վստահեցրեց, որ ստեղծագործելիս ողջ ներուժով է աշխատել:

Արվեստագետի համար լիարժեք գնահատական է, երբ նկատում է, որ այցելուները գնահատում են իր ստեղծած գործը. ցուցադրության ավարտին թանգարանի տնօրենը խոստովանել է՝ վերջապես մեզ մոտ էլ եղավ «կենդանի Բաղրամյանը», իսկ ընտանիքի անդամներն ուղղակի հավելել՝ քանդակն առավել քան ստացված է ու խոսուն:

«Իմ ստեղծագործություններից ես հեշտությամբ եմ բաժանվում, երբ վստահ եմ լինում, որ դրանք իրենց արժանի տեղն են գտնում»,-նշեց Միսաք Մելքոնյանն ու հավելեց, որ ստեղծագործելիս առաջնորդվում է արտաքին նմանության մեջ բնորդի ներաշխարհը նկարագրելու սկզբունքով:

Անդրադառնալով մարշալ Հովհաննես Բաղրամյանի քանդակին՝ արվեստագետը վստահեցրեց, որ յուրաքանչյուր քանդակ ստեղծելիս որոշակի ապրումներ է ունենում, ուսումնասիրում նրա կյանքն ու անցած ուղին. «Կռվի դաշտ, իրավիճակներ, դրսևորումներ, զգացմունքներ, որոնց միաձուլումից կերտվեց Բաղրամյան ռազմական գործչի ու մարդու տեսակը»,-հավելեց քանդակի հեղինակը:

Բացման մասին տեսանյութը կարող եք դիտել ստորև: