ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ում հեռակա ուսուցման համակարգը բարելավվում է
23.01.2020
ՀՊՄՀ-ում հեռակա ուսուցման համակարգը բարելավվում է

«Շարունակական վերլուծության են ենթարկվում հեռակա ուսուցման համակարգի բարելավմանն ուղղված տվյալները, նախանշվում այն կատարելագործելու նոր անելիքներ»,- aspu.am-ի հետ զրույցում նշեց Ուսումնական գործընթացների հարցերով ՀՊՄՀ պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը:

Հունվարի 8-ից Մանկավարժական համալսարանում մեկնարկել են հեռակա ուսուցման համակարգի դասերը: Շուրջ 40 մասնագիտությունների գծով բակալավրիատի հեռակա համակարգի ուսանողները դասերին մասնակցում են տարեկան երկու անգամ՝ 4-շաբաթյա գրաֆիկով:

Դասեր, գրավոր աշխատանքներ, ապա՝ քննաշրջան և պրակտիկա. այսպիսին է հեռակա ուսուցման համակարգում սովորող ուսանողի առօրյան: Ի դեպ, այս ուսումնական տարում նորամուծություն է այն, որ մանկավարժական պրակտիկա, բացի 4-րդ և 5-րդ կուրսերից, անցնում են նաև 3-րդ կուրսերի ուսանողները:

Մհեր Մելիք-Բախշյանը մեզ հետ զրույցում առանձնացրեց հեռակա համակարգի ուսանողների՝ Google Classroom էլեկտրոնային հարթակից օգտվելու հանգամանքը. «Այդ հարթակում ներգրավված լինելը կրկնակի արդյունավետ է հեռակա ուսուցման համակարգի ուսանողների համար, քանի որ նրանք էլեկտրոնային խորհրդատվությունները, հանձնարարությունները և միջանկյալներն ստանում են հարթակի միջոցով»: Պետք է նկատել, որ հեռավար կրթությանն անցնելիս կրթական ծրագրերը Մանկավարժական համալսարանում կիրականացվեն առավել հեշտ ու սահուն՝ շնորհիվ Google Classroom էլեկտրոնային հարթակի:

Անդրադառնալով վերջերս քննարկվող՝ հեռակա ուսուցման ձևը հեռավարով փոխարինելու շուրջ քննարկումներին՝ Մհեր Մելիք-Բախշյանը նկատեց, որ Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագծով դեռ պետք է սահմանվեն դրա վերաբերյալ կարգերն ու մեթոդները. «Արդեն իսկ հաստատվել է 2020-2021 ուսումնական տարվա հեռակա ուսուցման համակարգի ընդունելության ցանկը՝ մասնագիտությունները, քննությունները և վարձավճարները, իսկ փաստաթղթերը կընդունվեն օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 25-ը»,-նշեց պրոռեկտորն ու հավելեց, որ որոշ մասնագիտությունների գծով ավելացել է ընդունելության սահմանային տեղերի թիվը:

Հարկ է նկատել նաև, որ 2019-2020 ուստարում Մանկավարժական համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերի վճարովի ուսուցման հեռակա համակարգի ուսանողները ևս կարող են ուսման վարձը վճարել սահմանված ժամանակացույցով: Ուսման վարձի վճարման նոր ձևը հնարավորություն է տալիս ուսանողներին ուսման վարձը վճարել ըստ կիսամյակների կամ ուսումնական ամիսների: