ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ի 2017թ-ի աշխատանքը գնահատվեց բավարար
25.12.2017
ՀՊՄՀ-ի 2017թ-ի աշխատանքը գնահատվեց  բավարար

Այսօր Մանկավարժական համալսարանում կայացավ բուհի Հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան ընդլայնված  նիստը:

Ներկաներին ողջունեց Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ ընդգծելով, որ չնայած հանրապետությունում ուսանողների թվի նվազմանը` համալսարանը շարունակում է պահպանել իր լավագույն ավանդույթները:

Խորհրդի անդամները դիտեցին ընթացիկ տարում բուհի վարած քաղաքականության, ուսումնագիտական ոլորտում նորարարությունների, ձեռքբերումների մասին Լրատվության և հանրության հետ կապերի վարչության պատրաստած ֆիլմը, որին հաջորդեց Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի զեկույցը:

Բուհի ղեկավարը ներկայացրեց 2017 թվականի  եկամուտների և ծախսերի կատարողականը, ինչպես նաև 2018 թվականի բյուջեի նախահաշիվը:

Ռեկտորն իր ելույթում անդրադարձավ  հանրապետությունում տարեցտարի նկատվող դիմորդների թվի նվազմանը՝ ընդգծելով, որ տարիների շարունակ Մանկավարժականում ուսանողների թիվն անփոփոխ է:

Ռեկտորն ընդգծեց, որ 2018 թվականին ուսանողների  թվի աճ հնարավոր կլինի գրանցել` վերանայելով մի շարք մասնագիտությունների, մասնավորապես՝ իրավագետներ և հատուկ կրթության ոլորտի մասնագետներ պատրաստելու բուհի նախկին հնարավորությունը.«Մանկավարժականը պատրաստ է ընդունելու նաև օտարերկրյա դիմորդներ.համալսարանն ունի համապատասխան դասախոսական ներուժ»:

Խորհրդի անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանն իր ելույթում նկատեց՝  բուհն  ընթացիկ տարում ևս կատարել է հսկայական աշխատանք,  գրանցել առաջընթաց:

Գնահատելով համալսարանի անցնող տարվա ձեռքբերումները՝ Ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը շնորհակալություն հայտնեց բուհում ուսանողի համար ստեղծված հնարավորությունների և ուսանողակենտրոն քաղաքականության  համար՝ ընդգծելով՝ ուսանողի ձայնն այստեղ լսելի է.«Մանկավարժականում գնահատում են ուսանողի գերազանց առաջադիմությունը, հասարակական ակտիվությունն ու կամավորական աշխատանքը»:

ՀՊՄՀ-ի խորհուրդը 2017 թվականին կատարված աշխատանքը գնահատեց բավարար և քվեարկության արդյունքում միաձայն հաստատեց 2018 թվականի եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը:

«Մանկավարժական համալսարանը դեռ շատ անելիքներ ունի. այն պետք է հաղթահարի մանկավարժության ոլորտում առկա խնդիրները՝ նպաստելով նաև հանարապետությունում մի շարք խնդիրների լուծմանը»,- Խորհրդի  նիստն  ամփոփեց  Գալուստ Սահակյանը: