ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ի 2019թ-ի հաշվետվությունը գնահատվեց բավարար
27.12.2019
ՀՊՄՀ-ի 2019թ-ի հաշվետվությունը գնահատվեց բավարար

Մանկավարժական համալսարանում կայացավ բուհի Հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստը:

Խորհրդի անդամները դիտեցին ընթացիկ տարում բուհի վարած քաղաքականության, ուսումնագիտական ոլորտում նորարարությունների, ձեռքբերումների մասին տեսաֆիլմը, որին հաջորդեց Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի զեկույցը:

Ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ներկայացրեց անցնող տարվա ընթացքում իրականացված աշխատանքները, անդրադարձավ բուհի ուսանողների թվին և դրանով պայմանավորված՝ նաև հաստատության ֆինանսական վիճակին:

Խորհրդի անդամների հաստատմանը ներկայացվեց նաև 2019 թվականի եկամուտների և ծախսերի կատարողականը, դրամական ելքերի բաշխվածությունն ու 2020-ի բյուջեի նախահաշիվը:

«Ուսման որակի բարձրացումը պետք է լինի առաջնային ուղղություններից մեկը: Կարևոր է առաջնորդվել այն սկզբունքով, որ բուհ ընդունվելը պետք է հեշտ լինի, սովորելը աշխատատար, իսկ ավարտական վկայական ստանալը՝ առավելագույն պահանջներով»,-նշեց ռեկտորն ու հավելեց, որ պարբերաբար գիտական խորհրդում քննարկում են խնդրին ուղղված անելիքները:

Խորհրդի անդամերից Սամվել Կարաբեկյանը հետաքրքրվեց բուհի վերահավատարմագրման գործընթացում արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված անելիքներով: Ռեկտորը նշեց, որ դիտարկումների հետ մասամբ համաձայն են և արդեն իսկ նախանշել են խնդիրների վերացմանն ուղղված քայլեր:

Խորհրդի նախագահ Դավիթ Գյուրջինյանը ներկայացրեց իր մասնագիտական մտահոգությունները՝ կապված ՀՊՄՀ-ի Բանասիրական ֆակուլտետի ավարտական քննությունների ընթացքում ուսանողների պատրաստվածության մակարդակի հետ: Նա կրկնեց իր առաջարկությունը՝ հանդիպել ուսանողների և դասախոսական կազմի հետ: Առաջարկն ընդունվեց:

Ապագա ուսուցիչների շրջանում ինքնուրույն մտածելու կարողության, շրջանավարտների շրջանում անհրաժեշտ վերլուծության և ազատ քննարկման բացակայություն. սրանք այն 3 բացթողումներն էին, որ առանձնացրեց բուհի ղեկավարը՝ խոսելով անցնող տարվա բացթողումների մասին:

Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց ներկաներին տոների առթիվ և մաղթեց, որ 2020 թվականը լինի հաջողությունների, նվաճումների և երջանկության տարի:

Խորհուրդը 2019 թվականին ՀՊՄՀ-ի կատարված աշխատանքը գնահատեց բավարար և քվեարկության արդյունքում միաձայն հաստատեց 2020 թվականի եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը:

Խորհրդի նախագահ Դավիթ Գյուրջինյանը ևս մեկ անգամ պատրաստակամություն հայտնեց համատեղ աշխատանքով գտնել առաջ քաշված խնդիրների լուծումները: Նա ևս շնորհավորեց ներկաներին և նկատեց՝ անցնող տարվա հաշվետվությունից պարզ դարձավ, որ Մանկավարժական համալսարանը ձգտում է ամրապնդել իր տեղը բարձրագույն կրթության համակարգում և միջազգային կրթական հարթակում: