ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ի 2021 թվականի «Լավագույն ուսանողը» Քնարիկ Համբարձումյանն է
27.12.2021
ՀՊՄՀ-ի 2021 թվականի «Լավագույն ուսանողը» Քնարիկ Համբարձումյանն է

Մանկավարժական համալսարանում տարեվերջը նշանավորվեց «Լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխությամբ։

ՀՊՄՀ-ի Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ անցկացվող մրցույթի այս տարվա հաղթող ճանաչվեց Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի ուսանողուհի Քնարիկ Համբարձումյանը։

Բուհի տասը ֆակուլտետներից նախապես ընտրվել էին լավագույն ուսանողները, որոնք իրենց հանգիստը կանցկացնեն  Վրաստանում, իսկ բուհի լավագույն ուսանողը կրթական ծրագրով կմեկնի Ավստրիա:

Լավագույններին շնորհավորեց բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը՝ փաստելով՝  Մանկավարժականի լավագույն ավանդույթները պահպանվում են և շարունակվելու են։

«Սիրելի՛ ուսանողներ, Մանկավարժական համալսարանը վաղուց փաստել է՝ մեծագույն արժեքը ուսանողն է։ Դուք մասնագիտական կրթական նոր չափորոշիչների,  նոր ուսուցչին ներկայացվող  չափանիշների, մասնագիտական կարողություններ ներկայացնելու կերտողներն եք: Մանկավարժական համալսարանը շուտով կտոնի իր հիմնադրման 100-ամյակը․ մաղթում եմ, որ մասնագիտական ու անձնական որակների համադրման համատեքստում շարունակեք իրականացնել բուհի առաքելությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության  և ուսուցչի նոր որակի»,-նշեց ռեկտորի պաշտոնակատար Սրբուհի Գևորգյանը։

Նրա կարծիքով՝ լավագույններից լավագույնը «Լավագույն ուսանող» միջոցառումն է։ Այն հնարավորություն է տալիս ամփոփել արդյունքը, որը ներկայացվում է որպես լավագույն՝ կրթության, գիտության, գիտահետազոտական գործընթացների, հասարակական ակտիվության և մի շարք այլ չափանիշների համապատասխան։  Սրբուհի Գևորգյանը ևս մեկ անգամ շնորհավորեց ուսանողներին և շնորհակալություն հայտնեց՝ ջանքերի  ներդրման, դասախոսների օգնությամբ նոր որակական հենքով առաջ քայլելու համար։

Տոնական ցերեկույթն ուղեկցվեց համերգային ծրագրով. լավագույններին պարգևատրելու առթիվ իրենց կատարումներով շնորհավորեցին Սոֆի Մխեյանն ու Արսեն Գրիգորյանը (Մրո), իսկ պարային կատարումներով հանդես եկան ՀՊՄՀ-ի Պարարվեստի մանկավարժության ուսանողները։

 Նշենք, որ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի «Լավագույն ուսանողը» Գոռ Մելիքսեթյանն էր, Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետում՝ Ինեսա Բրուտյանը, Սկզբնական կրթության ֆակուլտետում՝ Անահիտ Փանոսյանը, Կուլտուրայի ֆակուլտետում՝ Ժենյա Աբգարյանը, Պատմության և հասարակագիտության ֆակուլտետում՝ Արա Հարությունյանը, Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետում՝ Քնարիկ Համբարձումյանը, Բանասիրական ֆակուլտետում՝ Աննա Կոստանյանը, Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետում՝ Ստելլա Գալստյանը, իսկ Օտար լեզուների ֆակուլտետում՝ Թամարա Արշակյանը։