ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ի դասախոսի խնդիրն ընդգրկվել է միջազգային օլիմպիադայում
17.09.2018
ՀՊՄՀ-ի դասախոսի խնդիրն ընդգրկվել է միջազգային օլիմպիադայում

ՀՊՄՀ-ի Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս Գուրգեն Ասատրյանի առաջադրած խնդիրն ընդգրկվել է Մաթեմատիկայի 59-րդ միջազգային օլիմպիադայում:

Օլիմպիադայի պատմության մեջ երկրորդ անգամ՝ 22 տարվա ընդմիջումից հետո հայերի կողմից առաջադրված խնդիրն ընդգրկվում է 6 առաջադրանքներում:
Ի դեպ, կոմբինատոր բնույթի այդ խնդիրը ճանաչվել է որպես օլիմպիադայի ամենագեղեցիկ խնդիրը:

Ամեն տարի շուրջ 200 խնդիր է ուղարկվում Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի հանձնաժողովին, որոնցից ընտրվում է ընդամենը 6-ը:

Գուրգեն Ասատրյանն www.aspu.am –ի հետ զրույցում նշեց, որ իր հեղինակած խնդիրները բազմիցս ընդգրկվել են հանրապետական օլիմպիադաներում, իսկ միջազգային օլիմպիադային սա իր առաջին մասնակցությունն է:

«Ուղարկված 2 խնդիրներից ընտրվել է 1-ը, որն ինձ համար մեծ պատիվ է, քանի որ ընտրությունը կատարում են բարձր պատրաստվածություն ունեցող մասնագետները»,-նշեց Գուրգեն Ասատրյանն ու ուրախությամբ հավելեց, որ հայ աշակերտները նույնպես ունեցել են հաջողություններ՝ 6 մասնակից՝ 6 մեդալ՝ 2 արծաթե և 4 բրոնզե:

Ստորև ներկայացնում ենք միջազգային օլիմպիադայում ընդգրկված վերոնշյալ խնդիրը.

Խնդիր (IMO Problem 4): 2 խաղացող հերթականությամբ տեղադրում են խաղաքարեր 20x20 չափի տախտակի վրա:
Առաջին խաղացողը իր յուրաքանչյուր քայլում տեղադրում է "ձի" որևէ ազատ վանդակում այնպես, որ այն չհարվածի իր նախօրոք տեղադրված մնացած "ձիերին": Իր հերթին երկրորդ խաղացողը յուրաքանչյուր քայլում տեղադրում է "զինվոր" որևէ ազատ վանդակում:

Գտնել K թվի այն մեծագույն արժեքը, որի դեպքում առաջին խաղացողը կարող է տեղադրել K հատ "ձի" երկրորդ խաղացողի ցանկացած խաղաոճի դեպքում: