ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ի դոցենտը՝ միջազգային մեծ հանրագիտարանում
20.02.2018
ՀՊՄՀ-ի դոցենտը՝ միջազգային մեծ հանրագիտարանում

Մանկավարժական համալսարանի Երաժշտության ամբիոնի դոցենտ Գայանե Հեբոյանն արդեն 30 տարի դասավանդում է նույն ամբիոնում:

Բազմաթիվ մրցանակների ու պարգևների շարքը համալրվել է նոր ձեռքբերումով. գիտամանկավարժական արգասաբեր գործունեության համար նրա անունն այսուհետ «Լավագույն մարդիկ. կրթության ոլորտի լավագույնները» միջազգային մեծ հանրագիտարանում է:

2017-2018 թվականների հատորյակում տեղ են գտել Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի շուրջ 15 000 նվիրյալների անուններ, որոնք կրթության, մշակույթի, արվեստի, սպորտի և այլ բնագավառներում ունեն նշանակալի ձեռքբերումներ և շարունակում են ծավալել արդյունավետ գործունեություն:

Ձեռնարկում ներկայացվել է Գայանե Հեբոյանի կյանքը, մանկավարժական և ստեղծագործական գործունեությունը. հանրագիտարանը բացահայտում է տարբեր ոլորտների երախտավորներին, նրանց հաջողությունները:

aspu.am-ի հետ զրույցում Գայանե Հեբոյանը խոստովանեց` մեծ պատիվ է ներգրավվել մի գրքում, ուր շատ տարիներ առաջ տեղ է գտել նաև աշխարհահռչակ Արամ Խաչատրյանի անունը:

Խոսելով հարազատ բուհում շուրջ 30-ամյա գործունեության մասին՝ դոցենտը վստահեցնում է, որ ամեն օր լսարան է մտնում նոր բան սովորեցնելու և սովորելու ցանկությամբ. «Շնորհալի երիատասարդներ շատ կան, որոնք մասնակցում են մրցույթների և բարձր պահում հայ երաժշտարվեստի, ինչպես նաև բուհի և մանկավարժների համբավը. յուրաքանչյուր մեծ ձեռքբերում նոր շունչ է տալիս իմ աշխատանքին»,-հավելեց Գայանե Հեբոյանը:

Նա հպարտությամբ է խոսում այն մասին, որ տարբեր տարիների իր շրջանավարտներն աշխատանքի են անցնում երաժշտական դպրոցներում, ղեկավարում խմբեր և անաղարտ պահում ազգային երաժշտարվեստի ակունքները:

Անդրադառնալով «Լավագույն մարդիկ. կրթության ոլորտի լավագույնները» միջազգային հանրագիտարանին՝ վերջինս հավելեց, որ այն կպարտավորեցնի այսուհետ աշխատել կրկնակի եռանդով, նոր ռիթմով ու ձգտումներով այնպես, որ դասախոս-մանկավարժություն շղթան երկուստեք ունենա նոր հաջողություններ ու ձեռքբերումներ: