ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ի հյուրերին ընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը
22.03.2021
ՀՊՄՀ-ի հյուրերին ընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց 1921 թ․ մարտի 16-ին Մոսկվայում ստորագրված պայմանագրի 100-ամյակի առիթով ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի կազմակերպած կլոր սեղան-քննարկման մասնակիցներին` ՌԴ մի խումբ առաջատար մասնակիցներին: 

Մասնակիցներին ուղեկցում էին ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս, պ․գ․դ․, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանն ու ՀՊՄՀ ռեկտոր, պ․գ․դ․, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը։

 

Վերջինս Նորին Սրբությանը ներկայացրեց քննարկման առիթով Հայաստան ժամանած մասնագետներին և տեղեկություններ հաղորդեց կլոր սեղան-քննարկման արդյունքների վերաբերյալ։ Հայաստանի և Արցախի համար դժվարին այս շրջանում նախաձեռնությունը օգտակար նկատեց քննարկման մասնակից, «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր պ․գ․թ․ Սերգեյ Մարկեդոնովը՝ անդրադառնալով նաև արցախյան պատերազմի հետևանքներին և տարածաշրջանում առկա մարտահրավերներին։

Այնուհետև ներկաներին իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ գոհունակություն հայտնելով կարևոր այս նախաձեռնության կազմակերպման առիթով։ Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը փոխանցեց գիտակրթական հաստատությունների պատասխանատուներին և մասնակից փորձագետներին՝ ընդգծելով անհրաժեշտությունը նման պատմական իրադարձությունների համատեղ վերարծարծման, ինչը նաև նպաստում է երկու բարեկամ ժողովուրդների հարաբերությունների և փոխգործակցության առավել սերտացմանը։ 

Անդրադարձ կատարելով արցախյան երկրորդ պատերազմին՝ Նորին Սրբությունը ներկայացրեց պատճառված վնասները, խոսեց հայրենիքի կորստյան ցավի և առկա մարտահրավերների, միջազգային հանրության արձագանքի մասին։ Այս կապակցությամբ Հայոց Հովվապետն իր գնահատանքը հայտնեց ՌԴ իշխանությունների կողմից պատերազմական գործողությունների կասեցման և տարածաշրջանում խաղաղության վերահաստաման գործում ներդրած ջանքերի առնչությամբ՝ Արցախի շուրջ առկա խնդիրների հանգուցալուծման համար անհրաժեշտ նկատելով բանակցային գործընթացի վերականգնումը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց նաև հյուրերի հարցերին, որոնք վերաբերում էին ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ի նպաստ միջեկեղեցական և միջկրոնական ձևաչափով կատարված աշխատանքներին, Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ Մայր Աթոռի կողմից ձեռնարկվող քայլերին և Հայաստանում ներքաղաքական կյանքի զարգացումներին։

Տեղեկատվությունը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ