Այս տարվա սկզբին արդեն 12-րդ անգամ ՀՊՄՀ Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ անցկացվեց «Լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխությունը։
Ինչպես նախորդ անգամ, այս տարի նույնպես ֆակուլտետերի 10 լավագույններն ուղևորվեցին Վրաստան՝ անցկացնելու իրենց եռօրյա հանգիստը:
Այցի ընթացքում աբովյանակնները ծանոթացան վրացական մշակույթին, այցելեցին մի շարք պատմամշակութային վայրեր, այդ թվում՝ Սվետիցխովելի եկեղեցի, Բոդբե մենաստան, որտեղ ամփոփված է Սուրբ Նինոյի մարմինը, Սոլոլակի թաղամաս՝ Թումանյանի տուն֊թանգարան, հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն, ունեցան քաղաքային զբոսաշրջություն՝ շրջելով Թբիլիսիի կոլորիտային և նշանակալից փողոցներով, մասնակցեցին նավարկության, երթևեկեցին ճոպանուղով։
Ուսանողները նաև եղան Վրաստանի հնագույն մայրաքաղաք Մցխեթայում, այցելեցին Ջվարիի տաճար, Կախեթիի մարզ, ուղևորվեցին Սիղնախի սիրո քաղաք:
Ուսանողներից ոմանք առաջին անգամ էին Վրաստանում․ նրանք վստահեցրին՝ մեծ սիրով ու հետաքրքրությամբ անցկացրին իրենց հանգիստը՝ ձեռք բերելով նոր գիտելիքներ։
Այսպիսով, ծանոթանալով վրացական պատմության նշանակալի դրվագներին, աբովյանականներն ունեցան ակտիվ հանգիստ և անմոռանալի հիշողություններ։
Ուսանողական խորհրդի նախագահ Պարույր Գալստյանը aspu.am-ի հետ զրույցում շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարությանը, որ մշտապես աջակցում է կառույցի նախաձեռնություններին։
Նա վստահեցրեց՝ «Լավագույն ուսանող» մրցույթը կլինի շարունակական․այն խթանում է ուսանողների բարձր առաջադիմությանը, հասարակական և գիտական ակտիվ աշխատանքներում ներգրավվածությանը։