ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ի լավագույն ուսանողը կմեկնի Մոնտենեգրո
10.11.2017
ՀՊՄՀ-ի լավագույն ուսանողը կմեկնի Մոնտենեգրո

Մանկավարժական համալսարանում արդեն 8-րդ անգամ անցկացվեց «Լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի խորհրդանշական էր. բուհը նշում է հիմնադրման 95-ամյակը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, բուհի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ:

Մանկավարժական համալսարանի Ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվող մրցույթի հաղթող այս տարի ճանաչվեց Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Լիլիթ Ղալեչյանը:

Բուհի տասը ֆակուլտետներից նախապես ընտրվել էին լավագույն ուսանողները, որոնք պարգևատրվեցին տոնական ցերեկույթի ընթացքում, իսկ Մանկավարժականի 2017-ի լավագույն ուսանողը կմեկնի Մոնտենեգրո:

ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ուսանողներին շնորհավորեց Ուսանողության համաշխարհային օրվա առթիվ և ընդգծեց, որ երիտասարդությունից պահանջը եղել և մնում է նույնը՝ թարմություն, նոր գաղափարներ, նոր դեմքեր՝ խարսխված հայրենասիրությամբ ու պետականաշինությամբ. «Ամեն տեղ էլ լավագույններ լինում են.պետք է լինեն նաև ուսանողության մեջ: Նրանք այն մարդիկ են, որ ջանք չեն խնայում, առավել նպատակասլաց են. արդյունքները շոշափելի են՝ այսօր լավագույնն են բուհում, վաղը՝ աշխատավայրում և այդպես շարունակ»:

Բուհի լավագույն ուսանող Լիլիթ Ղալեչյանը aspu.am-ի հետ զրույցում անկեղծացավ՝ հաղթանակն անսպասելի էր: Լիլիթն ուսմանը զուգահեռ գիտական գործունեություն է ծավալում Օրգանական քիմիայի ինստիտուտում:

Ապագա քիմիկոսը շնորհակալություն հայտնեց անաչառ վերաբերմունքի, աջակցության համար՝ ընդգծելով, որ ամեն ինչ կանի հարազատ բուհում ստացած գիտելիքներն ի նպաստ երկրի ծառայեցնելու:


Տոնական ցերեկույթն ուղեկցվեց համերգային ծրագրով. երիտասարդների միջազգային օրվա և լավագույններին պարգևատրելու առթիվ շնորհավորեցին և իրենց կատարումները նվիրեցին Սոֆի Մխեյանը, Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Սևակ Խանաղյանը, Սոնա Ռուբենյանն ու Արսեն Սաֆարյանը: