ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ի «Պատվավոր դոկտոր»-ի կոչում՝ Հարավային Բոհեմիայի համալսարանի ռեկտոր Տոմաշ Մախուլային
04.11.2019
ՀՊՄՀ-ի «Պատվավոր դոկտոր»-ի կոչում՝ Հարավային Բոհեմիայի համալսարանի ռեկտոր Տոմաշ Մախուլային

Եռօրյա այցով Մանկավարժական համալսարանում են Հարավային Բոհեմիայի համալսարանի ռեկտոր դոկտոր Տոմաշ Մախուլան և պրոռեկտոր դոկտոր Ռադկա Զավոդսկան:

Այցի նպատակն էր քննարկել երկու բուհերի միջև համագործակցության հնարավոր ուղղությունները:

Չեխ գործընկերներին ընդունեց Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը և ներկայացրեց բուհի ֆակուլտետները, գիտական և միջազգային համագործակցության ոլորտներում ունեցած ձեռքբերումներն ու հաջողությունները: Ռեկտորն ընդգծեց, որ ծանոթ են Հարավային Բոհեմիայի համալսարանի կառուցվածքին ու մասնագիտություններին և հավելեց, որ դրանք Մանկավարժական համալսարանի համար հանդիսանում են կարևորագույն ուղղություններ:

Պրոֆեսոր Միրզախանյանն անդրադարձավ ՀՊՄՀ-ի գիտական ձեռքբերումներին, մասնավորապես՝ WISDOM-ի՝ Web of Science և Scopus գիտաչափական շտեմարաններում ընդգրկվելուն ու ֆրանսիական գործընկեր բուհի հետ թեկնածուական ատենախոսության համատեղ պաշտպանության հաջող փորձը:

Ռեկտորը հավելեց նաև, որ եռօրյա այցի շրջանակներում նախատեսվում է համագործակցության հուշագրի կնքում և առանձին հանդիպումներ ֆակուլտետների դեկանների և ամբիոնների վարիչների հետ՝ քննարկելու համագործակցության վերաբերյալ առավել կոնկրետ հարցեր:

Հարավային Բոհեմիայի համալսարանի ռեկտոր Տոմաշ Մախուլան շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար և ներկայացնելով բուհը՝ ընդգծեց, որ 14 000 ուսանող ունեցող համալսարանը ստեղծվել է մանկավարժական և գյուղատնտեսական համալսարանների միավորումից:

Անդրադառնալով համագործակցության մի շարք ուղղություններին՝ երկու բուհերի ներկայացուցիչներն առանձնակի կարևորեցին «Ամառային դպրոց» միջազգային, ինչպես նաև եվրոպական կրթական մի շարք ծրագրերի շրջանակներում ուսանողների և դասախոսների փոխանակումը: ՀՊՄՀ-ի Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Մարիաննա Հարությունյանը չեխ հյուրերին ներկայացրեց ERASMUS-ի շրջանակներում համագործակցության հաջողված փորձը և հավելեց, որ հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարկեթինգի խթանում /BOOST/ ծրագրի համակարգողը Մանկավարժական համալսարանն է:

Այցի շրջանակներում Մանկավարժական համալսարանի Գիտական խորհրդի որոշմամբ Հարավային Բոհեմիայի համալսարանի ռեկտոր դոկտոր Տոմաշ Մախուլային շնորհվեց ՀՊՄՀ-ի «Պատվավոր դոկտոր»-ի կոչում:

Տոմաշ Մախուլան շնորհակալություն հայտնեց Գիտական խորհրդի անդամներին և վստահեցրեց, որ այս պարգևն իր համար կարծես խոստում լինի՝ երկու բուհերի միջև համագործակցությունը կհաստատվի: Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Հարավային Բոհեմիայի համալսարանի ռեկտորը Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանին հանձնեց հատուկ հուշամեդալ, որը տրվում է կրթության և գիտության ոլորտում միջազգային գործընկեր բուհերի ղեկավարներին: Ի դեպ, այս տարի այն հանձնվում է առաջին անգամ:

Ռուբեն Միրզախանյանը շնորհակալություն հայտնեց չեխ գործընկերոջը Արևելյան Եվրոպայի առաջատար գիտակրթական հաստատության հատուկ հուշամեդալով պարգևատրելու համար և հույս հայտնեց, որ եռօրյա այցը Մանկավարժական համալսարան կլինի արդյունավետ՝ երկու բուհերի միջև համագործակցություն ծավալելու համար:

Նշենք, որ հյուրերը եղան նաև բուհի թանգարանում, ծանոթացան համալսարանի պատմությանն ու ժամանակագրությնը: