ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ի պրոֆեսոր Արա Հակոբյանը՝ «Վահան Թեքեյան» մրցանակակիր
31.05.2019
ՀՊՄՀ-ի պրոֆեսոր Արա Հակոբյանը՝ «Վահան Թեքեյան» մրցանակակիր

Թեքեյան մշակութային միությունում անցկացվեց մշակույթի տարբեր ոլորտներ ներկայացնող ամենամյա մրցանակաբաշխությունը:

«Թատերական արվեստ», «Կերպարվեստ», «Երաժշտություն», «Գրականություն» անվանակարգերում մրցույթին մասնակցել է 46 արվեստագետ. հանձնաժողովն ընտրել է դրանցից լավագույններին:

Միության կենտրոնական վարչության նախագահ, ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց այս տարվա մրցանակակիրներին և ընդգծեց, որ արդեն 2 տասնամյակ անցկացվող մրցանակաբաշխությունը նպատակ ունի խրախուսել մշակույթի ասպարեզի լավագույններին:

«Կերպարվեստ» ոլորտում մրցանակը շնորհվեց Մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանին. շուրջ երկու տասնյակ աշխատանքներից հանձնախումբը որպես լավագույն ստեղծագործություն ընտրել էր գեղանկարչի՝ «Արևածաղիկներ» կտավը:

«Սիրում եմ կյանքը, լույսը, ջերմությունը: Ստեղծագործությանս մեջ արտահայտել եմ այն ամենը, ինչ ուզում եմ՝ արևը, իսկ արևածաղիկը նման է արևին»,-նշեց Արա Հակոբյանն ու հավելեց, որ Թեքեյանի անունը կրող մրցանակ ստանալն իր համար ոգևորող է: 

Գրականության ասպարեզում ներկայացված 16 աշխատանքներից ընտրվել էր Արծվի Բախչինյանի «Հայաստանցի Մուչիկը» վեպը, «Թատերական արվեստ» անվանակարգում լավագույնի մրցանակը հանձնվեց թատերագետ Բախտիար Հովակիմյանին՝ «Թատրոնը Նոր Ջուղայում» գիտական աշխատանքի համար, իսկ «Երաժշտություն», անվանակարգում մրցանակը շնորհվեց Սոֆյա Ազնավուրյանին՝ «Հայաստան» մոնո օպերայի ստեղծման համար:

Մրցանակաբաշխությանը կատարումներով հանդես եկավ նաև Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կամերային կազմը: