ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ի պրոռեկտորը՝ միջազգային ֆորումում
16.10.2018
ՀՊՄՀ-ի պրոռեկտորը՝ միջազգային ֆորումում

Մանկավարժական համալսարանի Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանն օրերս մասնակցել է Եվրասիական մանկավարժական համալսարանների ասոցիացիայի միջազգային ֆորումին:

«Շարունակական կրթության հիմնախնդիրները. ավանդույթներն ու նորարությունները» խորագրով ֆորումին մասնակցում էին Եվրասիական մանկավարժական համալսարանների ասոցիացիայի անդամ բուհերի ղեկավարներ, ներկայացուցիչներ:

Երկօրյա ֆորումի ընթացքում մասնակիցները զեկույցներում անդրադարձան իրենց երկրներում մանկավարժական կրթության զարգացման հեռնկարներին ու հնարավորություններին, ներկայացրին մանկավարժական բարձրագույն կրթական համակարգի դերն ու կարևորությունը ազգային կրթական համակարգում:

ՀՊՄՀ-ի պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը նախ ներկայացրեց Մանկավարժական համալսարանը, ապա այդ համատեքստում անդրադարձավ Հայաստանում մանկավարժական կրթության զարգացմանը՝ շեշտադրեով, որ կրթությունը եղել է և կլինի մեր երկրի գիտամշակութային կյանքի զարգացման առաջնահերթություններից:

Խոսելով կրթության ներկայիս հիմնախնդիրների մասին՝ պրոռեկտորն ընդգծեց, որ տարբեր բնագավառներում փոփոխություններն ու շրջադարձերը հանգեցրել են նաև նոր մեթոդաբանության մշակման. «Դա է այն կարևոր հիմքը, որ դրվում է մանկավարժական բարձրագույն կրթության իրականացման հիմքում»:

Ֆորումին մասնակցում էին նաև Մանկավարժական համալսարանի գործընկեր՝ Մոսկվայի մանկավարժական պետական և Մ. Տանկի անվան Բելառուսի պետական մանկավարժական համալսարանների ռեկտորները: Ի դեպ, բուհերի ղեկավարներն իրենց երախտագիտությունն ու հիացմունքը հայտնեցին Մանկավարժական համալսարանի «Ամառային դպրոց» միջազգային ծրագրի, բուհի հրատարակչական ակտիվության, բարձրակարգ վերապատրաստումների և համատեղ իրականացվող միջոցառումների վերաբերյալ: Նրանք կարևորեցին համագործակցության շրջանակներում փոխադարձ ձեռքբերումները և ընդգծեցին, որ այդ գործում Մանկավարժական համալսարանն ունի ռազմավարական նշանակություն:

Ֆորումի մասնակիցները մեծ հետաքրքրություն դրսևորեցին ՀՊՄՀ-ի վերաբերյալ և հանդես եկան համագործակցության կոնկրետ առաջարկներով:

Եվրասիական մանկավարժական համալսարանների ասոցիացիայի միջազգային ֆորումի կազմակերպիչները շնորհակալություն հայտնեցին Մանկավարժական համալսարանի մասնակցության համար և ընդգծեցին, որ բուհի գործունեությունն ունի բացառիկ կարևոր նշանակություն ոչ միայն ԱՊՀ տարածքում ակադեմիական նախաձեռնությունների ինտեգրման, այլև մշակութային երկխոսության, հանդուրժողականության ժամանակակից հասարակության համերաշխության տեսանկյունից:

Ասոցիացիայի ներկայացուցիչները լիահույս են, որ կկարողանան շարունակել փոխշահավետ համագործակցությունն ու խթանել համատեղ մասնագիտական ձեռքբերումներին, ինչպես նաև պահպանել գործընկերային հարաբերությունները՝ ի նպաստ հետագա նախագծերի զարգացման և իրագործման:

Այցի շրջանակներում Սրբուհի Գևորգյանը մասնակցեց նաև Ղազախստանի Աբայի անվան ազգային մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակի միջոցառումներին:

Հոբելյանական հանդիսության ժամանակ բուհի պրոռեկտորը պարգևատրվեց Աբայի անվան հուշամեդալով՝ համալսարանի զարգացման գործում ունեցած ավանդի համար:

Պրոռեկտորը բուհի անունից շնորհավորեց Աբայի անվան ազգային մանկավարժական համալսարանի հոբելյանի առթիվ՝ մաղթելով նոր ձեռքբերումներ ու հաջողություններ: