ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ի ռեկտորն ընդունեց Նազարբաև համալսարանի պատվիրակությանը
31.10.2019
ՀՊՄՀ-ի ռեկտորն ընդունեց Նազարբաև համալսարանի պատվիրակությանը

ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն այսօր ընդունեց Ղազախստանի Նազարբաև համալսարանի Ուսանողների ընդունելության և առաջընթացի դեպարտամենտի գործադիր տնօրեն Ռեբեկա Լի Կարտերի ղեկավարած պատվիրակությանը:

Հյուրերը տեղեկատվություն ներկայացրին Նազարբաև համալսարանի մասին, որն ընդամենը 10 տարվա պատմություն ունի և արդեն 50 ուսանող արտերկրից, խոսեցին մասնագիտական ուղղությունների և միջազգային կրթական կապերի մասին, միաժամանակ ցանկություն հայտնեցին հանդիպել Մանկավարժական համալսարանի ուսանողների հետ:

ՀՊՄՀ ռեկտորը խոսեց համալսարանի նոր մասնագիտությունների մասին, որոնք ընդգրկվել են նաև դպրոցական առարկայացանկում, ինչպես նաև բարձրագույն կրթության նոր օրենքով նախատեսվող բարեփոխումների ընթացքի մասին՝ ընդգծելով հայաստանյան ազգային կրթական առանձնահատկությունների դերը կրթության քաղաքականության համատեքստում:

Գործնական խոսակցություն ծավալվեց առաջիկա համագործակցության ուղիների և միջազգային կապերն ընդլայնելու շուրջ: Կողմերը քննարկեցին համագործակցության բոլոր հնարավոր ուղղությունները: Ռեբեկա Լի Կարտերը ցանկություն հայտնեց ատենախոսությունների համատեղ պաշտպանություն կազմակերպել:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը շնորհակալություն հայտնեց տեղեկատվության համար, խոսեց արտերկրի առաջավոր բուհերի հետ Մանկավարժական համալսարանի գիտական և կրթական կապերի մասին` մասնավորապես ներկայացնելով վերջերս Մանկավարժականում ֆրանսիական կողմի հետ համատեղ կազմակերպված թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը:

Ռեկտորն ընդգծեց, որ մեր համալսարանը ևս շահագրգիռ է արտերկրից ուսանողների ընդունելությամբ և փոխանակմամբ, և առաջարկեց իրականացնել ուսանողների փոխանակման ծրագիր մագիստրատուրայում՝ տարբեր մասնագիտությունների ուղղությամբ, ինչպես նաև միջազգային «Ամառային դպրոց»- ի շրջանակում: