ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ի ռեկտորը՝ Բելառուսի պետական մանկավարժական համալսարանի պատվավոր պրոֆեսոր
13.09.2016
ՀՊՄՀ-ի ռեկտորը՝ Բելառուսի պետական մանկավարժական համալսարանի պատվավոր պրոֆեսոր

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն աշխատանքային այցով Բելառուսի Մաքսիմ Տանկի անվան պետական մանկավարժական համալսարանում է:

Պատվիրակության կազմում են նաև Հատուկ կրթության ֆակուլտետի դեկան Արմինե Ավագյանն ու Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Դավիթ Սարգսյանը:

Այցի ընթացքում Ռուբեն Միրզախանյանին ընդունել է Բելառուսի Մաքսիմ Տանկի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ալեքսանդր Ժուկը: Հանդիպման ընթացքում ՀՊՄՀ-ի ռեկտորն անդրադարձել է Հայաստանում կրթական համակարգի որոշ ասպեկտներին, ինչպես նաև ընդգծել իր անկեղծ հիացմունքը բելառուս ժողովրդի հանդեպ:

«Տարբեր ոլորտներում երկու բուհերի միջև համագործակցությունը պետք է դրվի նոր մակարդակի վրա, և ես վստահ եմ, որ այդպես էլ կլինի: Մեր ցանկությունն է, որ հայ և բելառուս ուսանողների և շրջանավարտների մոտ մեր ընդհանուր գործի հանդեպ լինի սեփականության և հպարտության զգացում»,-հանդիպման ընթացքում նշել է Ռուբեն Միրզախանյանը:

Այցի ընթացքում ՀՊՄՀ-ի պատվիրակները շրջեցին համալսարանում, ծանոթացան բուհի մասնաշենքերին, այցելեցին հազվագյուտ գրքերի դահլիճ, բուհի թանգարան, սպորտային դահլիճ:

Հյուրընկալող բուհում Ռուբեն Միրզախանյանը հանդես եկավ «Հայաստանի կրթական համակարգը. անցյալը, ներկան և ապագան» թեմայով դասախոսությամբ, որի մասնակիցները հետաքրքրվեցին հայկական կրթական համակարգի պատմությամբ, հիացան երկրի ազգային մշակույթով, որն առաջիններից է միացել Բոլոնյան կրթական գործընթացին, բայց պահպանել է իր ավանդույթներն ու կրթական համակարգի յուրահատկությունները:

Բելառուս գործնկերներին առանձնակի հետաքրքրեց նաև Մանկավարժական համալսարանում հիմնական մասնագիտությունից բացի շախմատ դասավանդելու արտոնագիր ստանալու փաստը: Հանդիպման ընթացքում վերհանվեցին նաև ժամանակակից մանկավարժական կրթության այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են ուսանողների պրակտիկայի կազմակերպումը, մանկավարժի մասնագիտության վարկի բարձրացումը և կրթական պրոցեսի օպտիմալացումը:

Դասախոսության ավարտին մեծ հանդիսավորությամբ Ռուբեն Միրզախանյանին շնորհվեց Բելառուսի Մաքսիմ Տանկի անվան պետական մանկավարժական համալսարանի պատվավոր պրոֆեսորի դիպլոմ:

2014 թվականի «Ամառային դպրոց»-ի մասնակից ուսանողները շնորհակալություն հայտնեցին Ռուբեն Միրզախանյանին Հայաստանում ջերմ ընդունելության համար: Ալեքսանդր Ժուկն էլ հավելեց, որ կրթության ոլորտի հանդեպ նոր մոտեցումները Հայաստանում կլինեն շատ հետաքրքիր, ինչը կհետաքրքրի նաև Բելառուսի մանկավարժական համալսարանին:

Դասախոսությունից հետո հայ պատվիրակների համար կազմակերպվել էր հիշարժան էքսկուրսիոն ծրագիր. նրանք այցելեցին Բելառուսի արվեստի ազգային թանգարան, Ազգային գրադարան և քաղաքի տեսարժան վայրեր, հիացան մայրաքաղաքի գեղեցկությամբ:

Հանդիպման ավարտին Մանկավարժականի պատվիրակները, ի նշան հետագա համագորակցության, բելառուս գործընկերներին նվիրեցին հուշանվերներ: