ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ի ռեկտորը հանդիպեց ուսանողներին
22.12.2017
ՀՊՄՀ-ի ռեկտորը հանդիպեց ուսանողներին

Այսօր Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը հանդիպեց համալսարանի ուսանողական ակտիվին՝ լսելու նրանց մտահոգություններն ու առաջարկները ուսումնական գործընթացի կազմակերպման վերաբերյալ:

Ռեկտորի և  տարբեր ֆակուլտետների ուսանողների միջև ծավալվեց ակտիվ զրույց, որի ընթացքում  բազմաբնույթ հարցեր ուղղվեցին բուհի ղեկավարին:

Հեռուստառեժիսուրայի բաժնի ուսանողները ցանկություն ունեին պրակտիկան անցկացնել տարբեր հեռուստաընկերություններում, մյուսները հետաքրքրվեցին՝ բուժկետը կգործի՞, մագիստրոսական ծրագրերը երբեմն կրկնվում են, պետք է բացառել բակալավրիատում և մագիստրատուրայում ուսուցանվող առարկաների կրկնությունները, ինչ մեխանիզմներ են պետք մանկավարժական համալսարանում սփյուռքահայերի ընդունելությունն առավել դյուրին դարձնելու համար:

Ուսանողների հարցերը վերաբերում էին նաև գիտությունների թեկնածուի աստիճանի վերացման մասին բարձրագույն կրթության օրենքի նախագծի փոփոխություններին, ուսանողների տարկետման իրավունքին, աշխատանքը մագիստրատուրայում սովորելու հետ համատեղելուն, հասարակական ակտիվության գնահատմանը, ուսումնաճանաչողական պրակտիկայի կազմակերպմանը, Google Classroom-ին   և այլն:

Ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը հանգամանորեն լսեց բոլորին և սպառիչ պատասխաններ տվեց յուրաքանչյուր հարցի վերաբերյալ:

«Բուհի ղեկավարությունը քայլեր է անում՝ ստեղծելու պայմաններ, որպեսզի ապագա հեռուստատեսության  աշխատողները ուսմանը զուգընթաց կարողանան նկարահանումներ անել և վարձատրվել, իսկ բուժկետն անպայման կգործի»,-նշեց Ռուրբեն Միրզախանյանը:

Ռեկտորը կարևորեց նաև այն, որ  մագիստրոսական ծրագրերը կազմելիս լինեն տարբերակված մոտեցումներ, իսկ ուսումնական գործընթացն ընդգրկված մասնագիտությունների առումով, հնարավորինս կատարյալ լինի.«Ուսանողների անհրաժեշտ թվի դեպքում օտար լեզվի դասաժամերը կկիսվեն, տարկետման իրավունքը ճիշտ կլինի պահպանել օբյեկտիվ մոտեցումներ ցուցաբերելու պարագայում:  Հնարավոր է, որ ուսումնաճանաչողական երկրորդ պրակտիկան կդառնա ակտիվ պրակտիկա. ուսանողների հասարակական ակտիվությունը կրեդիտներով գնահատվում է միայն ճամբարային և սոցաշխատանքի կամավորների համար և այլն»,-հավելեց ռեկտորը: 

Բուհի ղեկավարը ներկաներին շնորհավորեց գալիք տոների առթիվ և հանդիպման մասնակիցներին նվիրեց արվեստագիտության դոկտոր  Արա Հակոբյանի «Հայ ծովանկարիչները» գրքի մեկական օրինակ: