ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ի թիմը կմասնակցի ICPC մրցույթի կիսաեզրափակչին
12.04.2022
ՀՊՄՀ-ի թիմը կմասնակցի ICPC մրցույթի կիսաեզրափակչին

Հայկական պետական մանկավարժական համալսարանի ինֆորմատիկայի բաժնի ուսանողների թիմը պատվով հաղթահարել է Ծրագրավորման միջազգային թիմային ICPC մրցույթի ընտրական փուլը և կմասնակցի մրցույթի կիսաեզրափակչին։ Այն կանցկացվի ապրիլի 13-ին՝ միաժամանակ 5 քաղաքում՝ Երևան, Սանկտ Պետերբուրգ, Բառնաուլ, Ալմաթի և Մինսկ։ Սա Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանի եզրափակիչ փուլն է։  Մրցույթին մասնակցում է 111 երկիր՝ ըստ տարածաշրջանների։

Այս օլիմպիադայում Հայաստանը հանդես է գալիս Հյուսիային Եվրասիայի տարածաշրջանի կազմում, որտեղ մրցում են նաև Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզըստանի, Ուզբեկստանի, Մերձբալթյան երկրների ներկայացուցիչները։ Մրցույթին Հայաստանը ներկայացնող 13 թիմերն ընտրվել են նախորդ փուլի արդյունքների հիման վրա․ յուրաքանչյուրում ընդգրկված է երեք մասնակից։

Ծրագրավորման միջազգային թիմային ICPC մրցույթում ՀՊՄՀ-ն ներկայացնում են «Ինֆորմատիկա»-ի բաժնի երեք մագիստրոս՝ Կարեն Հովնիկյան, Արտյոմ Պողոսյան, Սոնա Եսայան։ Թիմի մարզիչը՝ Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասիստենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու Կարեն Պետրոսյանն է։

Հիշեցնենք, որ ICPC-ն աշխարհի ամենահին, ամենամեծ և ամենահեղինակավոր ծրագրավորման մրցույթն է՝ նախատեսված ուսանողների համար։ Մրցույթի ընթացքում տարբեր համալսարաններ ներկայացնող թիմեր փորձում են լուծել իրական խնդիրներ՝ զարգացնելով համագործակցությունը, ստեղծարարությունը, նորարարությունը և ճնշման տակ աշխատելու կարողությունը: Անընդհատ վարժման և մրցումների միջոցով թիմերը մարտահրավեր են նետում միմյանց՝ հնարավորինս բարձրացնելով նշաձողը։

Ի դեպ, 2001 թվականից ICPC համալսարանական թիմերի ծրագրավորման միջազգային օլիմպիադայի Հայաստանի տարածաշրջանի տնօրենը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն է։

Մրցույթի ընթացքում, տարածաշրջանային փուլի հաղթող 12 մեդալակիրներին որոշելուց բացի, հայտնի կդառնան նաև եզրափակիչ փուլի մասնակիցները։ Ծրագրավորման միջազգային թիմային ICPC մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա 2023 թվականին, Եգիպտոսում։