ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ի ուսանող Էմիլ Ղազարյանը Եվրոպայի չեմպիոն է
30.10.2019
ՀՊՄՀ-ի ուսանող Էմիլ Ղազարյանը Եվրոպայի չեմպիոն է

Օրերս Պորտուգալիայում անցկացվեց Եվրոպայի 33-րդ առաջնությունը: Հայաստանի Կիոկուշին կարատեի ազգային ֆեդերացիան առաջնությանը ներկայացել է 3 քաշային կարգում ու 3-ում էլ ցուցաբերել բացարձակ արդյունք:

ՀՊՄՀ-ի Կուլտուրայի ֆակուլտետի Օպերատորության և գեղարվեստական լուսանկարչության բաժնի 3-րդ կուրսի ուսանող Էմիլ Ղազարյանը մեր երկրին հաղթանակ բերած 3 մարզիկներից մեկն է, որը առաջնությունում 75 կգ քաշային կարգում վաստակեց չեմպիոնի կոչումը:

Էմիլ Ղազարյանը հաղթանակներ ունեցել է տարբեր մրցաշարերում և առաջնություններում, սակայն այս մեկն առանձնացնում է. դեկտեմբերին Ղազախստանում կայանալիք Կիոկուշին կարատեի աշխարհի առաջնությանն ընդառաջ սա մարտական ու հաղթական տրամադրություն ստեղծող կարևոր ձեռքբերում էր:
Ապագա օպերատորն aspu.am-ի հետ զրույցում նշեց՝ չնայած մարզիկի ու օպերատորի մասնագիտությունները միմյանցից էականորեն տարբեր են, սակայն ինչ-որ նմանություններ ունեն՝ մարդկանց ներաշխարհի հետ շփվելու տեսանկյունից:

«Իմ տեսախցիկի օբյեկտիվում ինձ հոգեհարազատ ոլորտն է, կադրում՝ երեխաների մարզումներն են, սպորտային միջոցառումներ, մարզական հետաքրքիր դրվագներ՝ հաղթանակի բերկրանքն զգացող մարզիկի ապրումներից մինչև սպորտային էլեմենտներ»,-նշում է Էմիլ Ղազարյանը, որը մի քանի դպրոցներում ծավալում է նաև մարզչական գործունեություն:

Կիոկուշին կարատեի Եվրոպայի չեմպիոնը խոստովանում է՝ շատ հաճախ մրցաշարերի տեսանկարահանումները դիտում է երկու անգամ. նախ՝ որպես մարզիկ, ապա որպես օպերատոր՝ նկատելու համար, թե օպերատորը որքանով է կարողացել որսալ կարևորը, գեղեցիկն ու հետաքրքիրը:

Մանկավարժական համալսարանը շնորհավորում է Էմիլ Ղազարյանին և մաղթում մարզական նոր հաջողություններ ու ձեռքբերումներ: