ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ի ուսանողին առաջարկվեց անդամակցել Հայաստանի նկարիչների միությանը
18.05.2022
ՀՊՄՀ-ի ուսանողին առաջարկվեց անդամակցել Հայաստանի նկարիչների միությանը

Մանկավարժական համալսարանի ուսանողուհի Անի Խաչատրյանը Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Կիրառական արվեստի բաժնի այս տարվա շրջանավարտ է։

Ավարտական աշխատանքների պաշտպանությանը հանձնաժողովի նախագահը՝ Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, ուսանողուհուն առաջարկել է անդամակցել Միությանը՝ Դեկորատիվ-կիրառական արվեստ բաժնում։

Ուսանողը՝ Նկարիչների միության անդամ․ սա աննախադեպ է, քանի որ կառույցի անդամ լինելու համար կան պարտադիր պայմաններ, մասնավորապես՝ մասնակցություն ցուցահանդեսներին և այլն։

Ուսանողուհու ավարտական աշխատանքը «Եթերային ծաղկաբույլ» խորագրով գոբելենն էր, իսկ նրա ղեկավարը՝ Կերպարվեստի ամբիոնի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների դոկտոր Անուշ Եղիազարյանը։ Հանձնաժողովի անդամները ուսանողուհու աշխատանքը բարձր գնահատեցին թեմատիկայի, օգտագործված նյութերի ճիշտ համադրության և գաղափարի տեսանկյունից։

 www.aspu.am-ի հետ զրույցում Անի Խաչատրյանը նշեց՝ աշխատանքի հիմքում դրել է բազմազանությունը ու նոր կոմպոզիցիոն լուծումները, օգտագործել թելերի այնպիսի համադրություն, որի շնորհիվ նոր շունչ է հաղորդել ճախրող թիթեռներին։

Անի Խաչատրյանը վստահեցրեց, որ ուսումը շարունակելու է նույն բաժնի մագիստրատուրայում, իսկ մինչ այդ ամբողջացնելու է թղթապանակը, որը նրան հնարավորություն կտա հաստատել Հայաստանի նկարիչների միության անդամ լինելու պատվավոր կոչումը։