ՀՊՄՀ Ուսանողական խորհուրդը եռօրյա վրանային արշավով Դիլիջանի արգելոցի սրտում էր՝ Գոշ լճում։ Ուսանողները Գոշավանքում ստացան հոգևոր հովիվ Տեր Թադեոսի օրհնությունը, ծանոթացան միջնադարյան կրոնական, կրթական և մշակութային խոշոր կենտրոններից մեկի պատմությանն ու անվան ծագումնաբանությանը։
Հաղթահարելով ճանապարհային արգելքները՝ մասնակիցները քայլարշավ իրականացրին դեպի չքնաղագեղ Գոշ լիճ։
Արշավի առաջին օրը լճի ափամերձ տարածքում ուսանողներն ամրացրին վրաններն ու սկսեցին հարմարվել արշավային պայմաններին։
Աբովյանականներն արշավի օրերին փոխանակվեցին գիտելիքներով, փորձով․ խարույկի շուրջ ազգային երգն ու պարը բարձրացրեց ազգային ոգին և առավել համախմբեց ապագա մանկավարժներին։
Վրանային արշավին մասնակցում էին ՀՊՄՀ-ի բոլոր՝ 10 ֆակուլտետների ուսանողները։
Ակտիվ արշավականների հետ միասին կային ուսանողներ, որոնք առաջին անգամ էին մասնակցում նախաձեռնությանը։ Վերջիններս նկատեցին՝ հնարավորության դեպքում կրկին կմասնակցեն ուսումնադաստիարակչական բնույթ ունեցող նման արշավների։